Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կաշխատիմ քեզի աղջիկ մը գտնալու, բայց թրաքոման ես կառնեմ ու հարյուրին տասը ես քեզի կուտամ։ Ասոր ալ շատ աղեկ չըսե՞ մի։ Հասկցա թշվառականին խարդախ ըլլալը ու քովեն հեռացա։ Հիմա պարկեշտ երիտասարդ մը կը փնտռեմ կոր, որ սա աղջիկն իրեն առնել տամ ու հարյուրին տասնը ես առնեմ։


ՇԱՀԵՆ ՉՎԱՍՏԿՎԱԾ ՄԻՋՈՑԻՆ ԾԱԽՍԵՆ ԿԸ ՎԱՍՏԿԻՆ

Ծերերը, նամանավանդ հարուստ ծերունիները կըսեն, թե մենք հարուստ եղած ենք նե հարստությունը ծախսեն ավելցուցած ենք և ոչ թե վաստակեն։

Ծեքերուն այս խոսքը վերջերս ամեն տեղ մեծ ընդունելություն գտնել սկսավ։

Վաճառականն իր գրագիրն կանչեց ու ըսավ.

— Պարոն Միհրան, ամսականեդ երկու հարյուր ղուրուշ պիտի կտրեմ, որովհետև շահ չկա, ծախսեն վաստկելու եմ։

Պարոն Միհրանը իրիկունը տուն գնաց ու կնիկը կանչելով ըսավ.

— Տիկին, շրջազգեստեդ երկու կանգուն պիտի կտրեմ, որովհետև շահ չկա, ծախսեն վաստկելու եմ։

(Այն օրվնե ի վեր է, որ վերցան այն շրջազգեստներն, որ շատ երկար էին ու գետինը կավլեին)։

Տիկինը խոհանոցը գնաց ու վարպետին ըսավ.

— Վարպե՛տ, ձեզի տրված հարյուր ղուրուշին հիսունը պիտի կտրեմ, քանի որ շահը պզտիկցավ, ծախսն ալ պզտիկնալու է։

Վարպետը, որ կոշկակարի մը երեսուն ղուրուշ պարտք ուներ, իրեն գնաց ու ըսավ.

— Եղբա՛յք, քեզի ունեցած երեսուն ղուրուշ պարտքիս քսանը պիտի կտրեմ, շահը պզտիկցավ, ծախսն ալ պիտի պզտիկցունեմ։

Կոշկակարն ալ մսավաճառի մը տասը ղուրուշ պարտք ունենալով իրեն կ՝երթա.

— Բարեկա՛մ, ձեզի ունեցած տասը ղուրուշ պարտքս պիտի կտրեմ, ինչու որ շահս քիչցավ:

— Ո՞րչափ պիտի կտրես։

— Ամենն ալ պիտի կտրեմ։

Ինչպես որ կը տեսնվի այս դրությունը քիչ ժամանակի մեջ հսկայաքայլ հառաջ գնաց։ Ամեն տեղ ամսականներեն զեղչել