Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/630

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ո՞Վ ՊԻՏԻ ԸՆՏՐՎԻ ՊԱՏՐԻԱՐՔ

— Ես, կը պատասխանե գերապատիվ Խորեն արքեպիսկոպոս Լուսինյան։

— Ոչ, ես պիտի ըլլամ, կը պոռա Պրուսայի առաջնորդ գերապատիվ Բարթուղիմեոս արքեպիսկոպոս։

— Հարմարագույն անձն ես եմ, կըսե, Արմաշու վանահայր գերապատիվ Խորեն արքեպիսկոպոս Աշըգյան։

— Ժամանակիս պահանջմանց համաձայն Պատրիարքն իմ անձիս վրա կարելի է գտնել, կը մրմռա Եդեսիո առաջնորդ գերապատիվ Խորեն արքեպիսկոպոս Մխիթարյան։

— Ազգին ջահերն իմ ձեռացս մեջ միայն կրնան պահպանվիլ, կաղաղակե Եգիպտոսի առաջնորդ գերապատիվ Մատթեոս արքեպիսկոպոս Իզմիրլյան։

— Հապա Սարգիս պատրիարքի հոգևոր զավակը, էտիրնեցին, կը մոռնա՞ք, կը հարցնե Մեսրոպ արքեպիսկոպոս Սուքիասյան։

— Պատրիարքական աթոռույն արժանավորագույն անձն զիս միայն կը տեսնեմ, կըսե Կարնո առաջնորդ գերապատիվ Արիստակես արքեպիսկոպոս Դերձակյան։

Իսկ ես, ականատես այն եղանակին, որով երեսփոխանական կուսակցությունները կը վարվին պատրիարքական ընտրության խնդրույն մեջ՝ կըսեմ, թե Պատրիարք պիտի ընտրվի երկու չարյաց մեծագույնը։ Ո՞չ ապաքեն երբեմն չարիքեն բարիք կը ծնի։ Արդ, չարիքն որքան մեծ լինի, բարիքն ալ այնքան մեծ կը ծնի։

Եվ ի՞նչ կըսեն այս կուսակցություններն իրարու։

— Թողեք դուք ձեր ընտրելին, մենք ալ հրաժարինք մեր ընտրելիեն և երրորդի մը վրա միաբանինք։

— Ինչո՞ւ թողում իմ ընտրելիս, եթե ամեն արժանիք ունի բազմելու համար այդ աթոռույն վրա։

— Որովհետև այդ ընտրելին իմս չէ։

Նավ մը պիտի մտնենք։ Դուն իմ ընտրելի նավուս չես հավնիր, ես ալ քուկինդ չեմ ուզեր, և որովհետև ստիպված ենք մեկ նավով ճանբորդել, կը համաձայնինք երրորդ նավու մընտրության մեջ։ Կը մտնենք այն նավուն մեջ, որ կընկդմի և կը խըղդվինք... մեծամասնության քվեով։ Ի՞նչ ազատություն կարծյաց.․.

Կը հարգենք անշուշտ կարծյաց ազատությունը, բայց այս կարծյաց ազատությունն կարտոնե՞ զմեզ համառիլ մեր կարծյաց