Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սկսան, ոմանք պզտիկ զեղչում ըրին, ոմանք ալ մեծ։ Մեծ զեղչում ընողներն պարտքերնին բնավ չտվողներն եղան։

Հայոց Պատրիարքարանը միայն այս դրությունը յուր դռնեն ներս չէր մտցուցած և ահա ատենը եկավ, որ ան ալ դռները բանա զեղչման դրության և այս դրությունն ալ հանդիսավոր կերպով ներս մտնե։

Այո՛, Պատրիարքարանի պաշտոնյաներուն ամենն ալ զեղչման դրության պիտի ենթարկվին, որովհետև Պատրիարքարանի մուտքը չուզելով ելքին հետ հաշտվիլ, ստիպվեցանք ելքը մուտքին տունը տանիլ ու հաշտեցունել։

Ծախսը մուտքին պիտի հավասարեցունենք, ուստի եթե այսօրվան մուտքնիս հիսուն ղուրուշ ամսական կրնա տալ, բոլոր ամսականները հիսունի պիտի վերածենք. եթե Աստված չընե, մուտքը վաղը մյուս օր բոլորովին պակսի՝ ամսական բնավ չպիտի տանք։ Աղբյուրն որչափ ջուր տա նե այնչափ պիտի խմենի, աղբյուրը ցամքի նե ջուր խմելու սովորությունր մեկդի պիտի դնենք։

Բայց, պաշտոնյա մը կրնա՞ անոթի կենալ, կամ իրեն տրված ամսականովր կրնա՞ ապրիլ։

Ահավադիկ խնդրույն փափուկ կետը։

Բայց Պատրիարքարանի պաշտոնյաներուն ամենուն ալ կարողությունը կը համապատասխանե՞ արդյոք իրենց արված ամսականներուն գումարին։

Ահավադիկ խնդրույն ամենափափուկ կետը։

Բաղցր Է հուսալ, որ Վարչությունն այս երկու և իրարմե փափուկ կետերն ուշադրության կառնե և զեղչումն այնպիսի կանոնավոր կերպով մը կը տնօրինե, որ պաշտոնյայք ո՛չ անոթութենե կը մեռնին և ոչ ալ կրնան ստակ ավելցնել:


ԹԸՆԵԼԻ ԿԱՇԻՆ

Եթե ես ամեն բան ծանուցում չեմ ըներ և ամեն լսածս չեմ գրեր նե պատճառը սա է, որ հասարակությունը խաբել չեմ ուզեր։

Թընելը բանիլ սկսած ժամանակն, երբ ամեն մարդ կը կասկածեր, թե կառաձիգ կաշին բրդի նե վտանգ կելլա, այն ատեն լրագիրները պոռացին, թե կաշին բրդի ալ վտանգ չպիտի ըլլա եղեր, կառքը գտնված տեղը պիտի կայնի եղեր, թընելի մարզիկն ասոր փորձը ըրեր են եղեր։ Ամենն ալ սուտ, թընելի ստակ