Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/642

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երկուքնիդ ալ ճերմակ քարերով խաղացեք էֆենտիմ, ըսավ անդիեն նարտ չգիտցող ծերունի մը։

Լրագրի մը մեջ բերկրությամբ սրտի կարդացի, թե Սերպիո կառավարությունը տուրք դրած է կեղծոռիկներու վրա։

Հայտնի է, թե կեղծոռիկն որքան մեծ ըլլա տուրքն ալ այնքան կը մեծնա։

Ստացանք Տեմիրճիպաշյանի Գաղ-հայ գրպանի բառարանն, որ կը պարունակե 25000 բառ։ Գին 12 դահեկան։

Ահա գրպանի բառարան մոր ամեն գրպաններու կը հարմարի, թե՛ յուր գնով և թե՛ յուր պարունակությամբը։

Նույնպես ընդունեցանք Տ․ Կամսարականի Վարժապետին աղջիկը։ Գին 12 դահեկան։ Հարկ չկա հիշելու, թե որքան քաջալերության արժանի է երիտասարդ և տաղանդավոր վիպասանը։

Ք. Տեր Վրթանեսյանե աշխատասիրյալ տետրակ մը ստացանք։ Տետրակին վրա դրված է.


ԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈԻԹՅՈԻՆ

Ուսուցչաց և ուսուցչուհյաց համար

Ինչ որ կը հաստատե, թե աշակերտներեն ավելի մեր ուսուցիչներն և ուսուցչուհիները կարոտ են կարգապահություն սորվելու։

Տետրակին վրա դրված է նաև, թե «Առանց կարգապահութեան դպրոցը կը նմանի ջուր չունեցող ջրաղացիս։

Արդարև, վարժարանաց մեջ կարգապահության պետքը ավելի ճիշտ նմանությամբ կարելի չէր բացատրել։

Գին 3 և կես դահեկան։

Այնքան համեստ գին մ՝որ շարժեր անկարգապահ ըլլալ։

Շատ մեծ ուրախությամբ լսեցինք, թե ազգային Պատրիարքարանը մայրաքաղաքիս մեջ գտնվող վարդապետները վանքերը պիտի ղրկե ըստ վաղեմի սովորության, և միայն մեծ պահոց մեջ մայրաքաղաքս պիտի կանչե զանոնք, որ եկեղեցյաց մեջ հոգեշահ քարոզներով ժողովուրդը մխիթարեն։

Ժողովրդյան կողմե մեծ խնդությամբ պիտի ընդունվի Պատրիարքարանի այս որոշումն, որ այլուստ կը ձգտի բարեկարգել զարգացնել և լուսավորել այդ սուրբ ագարակները։