Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/649

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ան աղեկ կերթա կոր... կամաց կամաց կը բարձրանա կոր։

Երեկ գիները դարձյալ փոխված էին։

— Ի՞նչ կառնես կոր։

— Ա․․.ն։

— Գ․․․ նդ ի՞նչ ըրիր։

— Ծախեցի, տեղը քիչ մը Բ... են առի, քիչ մալ Ա․.. ն կառնեմ կոր։

— Բ... ը քանի՞ է։

— Ինկած է այսօր քիչ մը։

— Ես ալ պիտի դնեմ քիչ մը, բայց չեմ գիտեր, թե ո՞րն առնեմ։

— Բ... են ա՞ռ քանի մը հատ, գտնվի, անկե վնաս չես ըներ, մի վախնար։

— Գ...են կը վնասե՞մ։

— Ի՞նչ գիտնամ, եղբայր։

Այսօր մեծ հուզում կա հրապարակի վրա։

— Ա...նը քանի՞ է։

— Վաթսուն։

— Վաթսուն, Գ.․․՞նը։

— Տասներկու։

— Բ․․․նը։

— Տասն և վեց։

— Այսքան բարձրացավ Ա..․նը։

— Այո՛։

— Ինչո՞ւ համար։

— Այս ընտրողական հրապարակին խելք կը հասնի՞։ Քանի միջնորդները մյուսները քշել կուզեն կոր նե Ա...նը կը բարձրացնեն կոր։

Ահա այս է այս ավուր հրապարակը։ Վաղվանը չենք գիտեր։

Այս անկումներն և բարձրացումներն հառաջ կուգան այն աննպաստ կամ նպաստավոր տեղեկություններեն, զորս տյարք երեսփոխանք հետզհետե կը քաղեն այս ընտրելիներուն նկատմամբ։ Թաղեցին պարտավոր է երախտագետ ըլլալ յուր ընտրողաց, որ երեսփոխանական աթոռույն հարմարագույն ընտրելիները մաղե կանցունե և ազգին ամենեն ավելի օգտակար ընտրելվույն վրա միաբանելու կաշխատի, թեև ըստ մեզ, այս վախճանին հասնելու համար, մեր ընտրողներն ավելի կարճ և դյուրին ճամբա մը