Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/652

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ի՜նչ պատվական օղի կուտա թշվառականը, այս արվեստն ալ ասոնց տրված է, մերինները հաճախորդներու հետ չեն կրնար վարվիլ։

Ազգային օղին լեղի է.

— Աս ի՞նչ օղի է, աղբար, կը խմվի՞ աս.․․ վերցուր սվիկա, Աստվածդ սիրես։

Օտարին գինետան մեջ մուկ կը դառնանք հայու մը գինետան մեջ առյուծ կը կտրինք։

Օտար բժիշկը սխալ դեղ մը կուտա և հիվանդն անդիի աշխարհ կը ղրկե։

— Ի՞նչ ըներ մարդը, Ասաուծո համար, գիշեր ցերեկ աշխատեցավ, հոգի չպիտի տար ա՛, ես գոհ եմ իրմե։

Հայ բժիշկը կուգա, կը բժշկե մեր հիվանդը։

— Աղբար, երկու ավուր մեջ ոտք ելնելիք հիվանդս շաբաթ մը պառկեցուր՛, Աստծմե գտնա, հայ բժիշկներն ասանկ են։

Օտար և տկար բանաստեղծություն մը կը կարդան.

— Ի՜նչ աղվոր կը գրեն, աղբար, ի՞նչ շնորհք, ի՞նչ փափկություն, ի՞նչ գեղեցկություն։

Ազգային նշանավոր քերթված մը կը կարդան.

— Անհամ է, վերջապես գրող չկա մեր մեջ։

Ուրիշ ոտանավոր մը կը կարդան գաղղիերեն։

— Ի՜նչ աղվոր է, տեսա՜ր, բանաստեղծությունն ասանկ կըլլա. մենք ասանկ գրող մունի՞նք։

— Աղեքսանդր Փանոսյանը գրած է ան։

— Փանոսյա՞նը... Աստված խելք տա քեզի։

— Փանոսյանը գրած է։

— Կարելի է... հավանական է... Աստված տա... բայց ի՞նչ գիտնամ... անգամ մալ կարդամ սա տողը։

Կը կարդա և հետո.

— Իրավունք ունիս... հայտնի է, որ հայու գրած է. տես սա տողը, գաղղիացին այս կտորն ասանկ չգրեր, այս բառը վեր կառնե, այս հանգն ալ չգործածեր հոս. տես, բայց կը տեսնաս կոր, անկում կա հոս... անդին նայե, սա տողը չբռներ կոր վերինը։ Ասդին եկուր, տե՜ս, որքան ավելորդ խոսքեր կան։

Ակներև կը տեսնվի այս օրինակներեն, թե հայն կը կասկածի յուր մտային կարողությանը, ճարպիկությանը և բարոյականին վրա. ամեն ինչ որ հսկա է. բարձր է, գեղեցիկ է, հայու անձին վրա գաճաճ, ստորին և տգեղ կը տեսնե, և այսպես կամոք ստորնանալով