Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/662

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յուրաքանչյուրին ազգային կյանքը կուսումնասիրեինք, կը սերտեինք և ազգին շահը միայն առաջնորդ առնելով մեզ, համոզում կը գոյացնեինք։ Այս ավուր նոր սերունդը հին նոր սերունդին հակոտնյան է։ Մանրամասնորեն պատմե իրեն, թե այս հոգնանուն փառասերն անցելույն մեջ յուր երկդիմի ընթացքովն ազգին մեջ անհամաձայնությանց ծնունդ տված է, թե ամենեն պարզ խնդիրները կնճռոտած է, թե ազգին ամենեն ավելի նվիրական իրավունքները վաճառած է։ Մտիկ կընե քեզ ամենայն հանդարտությամբ և հետո․

— Արժանավորագույնը նա է կըսե։

Արդյոք, կը հարցնեմ ես ինձի, այս նոր սերունդը, մյուրուրի զեմանի օրինո՞ք կարդարացնե տխուր անցյալներր։ Թողունք անցյալն։ Այն անձին, զոր կը պաշտպանե՝ նորագույն մեկ խաղն ալ իբրև վեհանձնություն կը նկատե։

Երկու ընտրելիներ իրենց համբավին թևերով կը մրցին իրարու հետ։

Կես ճամբան ընտրելիներեն մին կզգա, թե ետ պիտի մնա, կանգ կառնու և կըսե․

— Թույլ մի՛ տաք մրցակցիս հառաջանալ, ես ետ կը քաշվիմ, չըլլա որ մրցանակն անոր տաք։

— Ի՜նչ վեհանձնություն, կը պոռան յուր կուսակիցներն և կը հանդգնին ծափահարել իսկ։

Ինչո՞ւ մրցման կը մասնակցի ուրեմն յուր դանդաղառիթ համբավով, և եթե կը մասնակցի ինչո՞ւ, չշարունակեր. ո՞վ է յուր համբավին դանդաղ լինելուն պատճառը։

Շարունակե՝ այս հարցումներն, եթե երկաթյա թոք ունիս։

Չենք ուզեր երկարորեն խոսիլ այս տխուր վիճակի վրա, որովհետև նախ, անօգուտ է և երկրորդ արյան ապականություն կը պատճառե մեզ, կը փութանք սակայն հայտնել, թե Ազգային երեսփոխանաց այս անմիաբանության մեջ եթե ուրախալի կետ մը կա՝ այն ալ հայ տիկնանց համեստության և հավատարմության անգամ մ՝ևս հաստատվիլն է։ Հարազատ զավակներն ենք մեր նախնյաց։ Այս միակ մխիթարությամբ կը մեկնեի 16-ի նիստեն երբ հետևյալ խոսքը լսեցի Ազգային հիվանդանոցի պատվարժան հոգաբարձության անդամոց մեկեն, որ առջևես կերթար մեկուն հետ խոսելով․

— Ես քեզի չըսի՞, որ երեք հազար, կանգուն հիմարանոցը պզտիկ է մեր ազգին համար։