Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/669

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առանց քիթի։ Երբ էրիկ մարդիկ սկսան հետզհետե գալ, մեծ քիթ ունեցողը ստիպվեցավ կամավոր հարբուխ ըլլալ, թաշկինակովը քիթը բռնեց... քառորդի մը չափ։ Եվ ահա։

— Սա ձեռքդ վար առ, Աստվածդ սիրես, ըսավ պզտիկ քիթ ունեցողն և ընեկրուհվույն թևը խստիվ վար քաշեց։

— Կարծվածին չափ աղվոր չէ եղեր... սկսան ըսել իրարու։

Պզտիկ քիթը տարավ, հաղթանակն ու մեծ քիթը տեղը փոխեց։

Այսպես ուրեմն կուզեն վարվիլ այսօր նաև գեր կանայք. կը ջանան քաշել կեղծոռիկները նիհար կանանց մեջքեն և ըսել անոնց.

— Վար առեք ձեր դիմակները։

Բայց, դժվար չէ երևակայել, թե գեր կանայք դյուրությամբ չպիտի կրնան հաղթել, որովհետև կեղծոռիկյան մասը, թեև տկար, մեծամասնություն կը կազմե։ Նիհար կանայք գոհ են կեղծոռիկեն, որուն հովանավորության տակ կը պաշտպանվի, կըսեն, իրենց տկարությունը։ Կը խոստովանին, թե կեղծոռիկեն ավելի հարմար պաշտպանի մը չէին կրնար հանձնել իրենց դատը։ Երախտապարտ են կեղծոոիկին, որուն այնքան բարիքներն ու շնորհները վայլած են։ Ուստի, ուխտած են պաշտպանել զայն իրենց բոլոր ուժովն և թույլ չընել, որ ճնշվի գեր կանանց ազդեցության տակ։ Այս է իրենց ներքին համոզումն։ Բայց կանայք իրենց ներքին համոզումը չեն հայտներ, ուրիշ առարկություններով կուզեն պաշտպանել զայն։ Նախամեծար կընտրեն այլանդակ փաստերով պարտություն կրել, քան թե իրենց ներքին համոզումը փաստաբանելով հաղթանակ տանիլ։ Քանի քանի անգամներ ըսած եմ իրենց, թե սխալ դրություն է այս, բայց ոչ ոք լսած է։ Հարցուցի օր մը վաթսուն տարեկան կնոջ մը.

— Տիկի՛ն, ինչո՞ւ կը ներկեք ձեր մազերը։

Ուրացավ առաջին անգամ.

Երկրորդ անգամ հարցուցի.

— Տիկին, ինչո՞ւ կը ներկեք ձեր մազերը։

Վարանեցավ քանի մը վարկյան և հետո.

— Չեմ ներկեր, մազերս սև են... լուսահոգի հայրս ալ իննսուն տարեկան մեռավ և մազերը սև էին։

Երրորդ անգամ հարցուցի.

— Տիկի՞ն, ինչո՞ւ կը ներկեք ձեր մազերը։

Եվ աչքերս սևեռեցի անոր աչաց բիբին վրա։ Երբ բարոյախոս մը յուր աչքերը կը սևեռե մեկու մը աչաց վրա, գիտցե՛ք, որ նախապես վստահ է յուր հաղթանակին։ Բայց գիտցած մի՜ ըլլաք։