Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/672

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ե Ր Գ Ե Ց Ե՛ Ք

Շատ երգեցեք: Բժշկական խմբի մը նորերս ըրած քննությունները ցուցին, որ երգելն առողջության շատ օգտակար է — 222 երգչաց՝ 9 — 53 տարեկան, կուրծքը քննության ենթարկվեցավ, և տեսնվեցավ, որ երգչաց կուրծքն համեմատությամբ չերգողներուն՝ շատ լայն կըլլա և երգչին հասակին հետ աճումը կը մեծնա։ Ասով երգչաց կուրծքն ավելի ամուր կըլլա և թոքն առողջագույն, և ասոնք ալ երգչին հասակին հետ կաճին։ Երգելն մի միակ առաջարգել գեղն է թոքախտի, մի միակ միջոց կրծոց աճման և զորանալուն. և այս կողմանե մարմնամարզութենե լավագույն է։

Հանդես ամսօրյա

Չար մարդիկ երգ չունին, ըսած է բանաստեղծը, երգեցող մարդիկ թոքախտ չունին, կըսե այսօր ըժիշկը։ Դիտությունն և բանաստեղծությունը կը միաբանին ուրեմն երգելու մեջ։ Երիտասարդն յուր սերը երգելու ատեն թոքախտի ենթարկվելու երկյուղեն կազատի, թոքախտի տրամադիր օրիորդն առավոտուն պատուհանին առջև նստած՝ սիրականին անցնիլը տեսնելուն պես, Այս թատրոնը տեսնվինք կերգե։

Կը փափագեի Խիկարի հոդվածներն ալ մեյ մեկ եղանակով հրատարակել, որպեսզի ընթերցողներս և ընթերցողուհիներս երգեին զանոնք փոխանակ ընթեռնելու և ամրացնեին իրենց կուրծքը:

Փափագելի էր նաև, որ խոսիլը, որ շատ անգամ թոքին կը վնասե, բոլորովին վերնար և մեր միտքը հասկցնելու համար երգելու սովորությունը հաստատվեր։ Երգելը խոսելեն ավելի համակրություն կը վայելե։ «Հայհոյե՛, բայց եղանակով հայհոյե՛» կըսե առածը։ Ամեն հանցանք ներելի է քնարին։ Օրինակի համար, ի՜նչ քաղցր է տեսնել հավաքիչ մոր առավոտուն վաճառատունդ կը ներկայանա, մեկ ձեռքն սրտին վրա դնելով և մյուսը վեր բարձրացնելով կսկսի ներդաշնակ եղանակավ մերգել և ըսել.

— Փոխանակագրին պայմանաժամը երեկ լրացավ, եթե այսօր չվճարեք, բողոք պիտի բառնամ։

Դուն ալ գրասեղանիդ առջև կը կանգնիս և թևերդ տարածելով դեպի հավաքիչը կը դառնաս, և քաղցր, բայց ցած ձայնով կսկսիս երգել։

— Իրիկվան դեմ: