Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/674

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արգիլել, եթե ույժ տանք իրեն։ Ինչ որ ըլլա, երգելու կողմն եմ ես, որովհետև երգը շատ անպատեհությանց առաջքն առնելու հարմարություն ունի։ Երգելով ամեն մարդ պիտի ստիպվի լուսո մեջ գործել, ամեն մարդ պիտի ստիպվի բարի ըլլա և այս ամեն բարությանց վրա թոքախտի գլխուն ալ փորձանք պիտի ըլլա։

Երգենք, երգենք։


ԾԱՆՈԻՑՄԱՆ ՏԵՂ ՀՈԴՎԱԾ

Մեր ազգային խմբագիրները գիտե՞ն արդյոք, թե երբեմն ձրի ծանուցումներ կը հրատարակեն իրենց լրագրույն մեջ։ Ձրի ծանուցում հրատարակել տալու այս եղանակր շատ նոր Է։ Ձրի հրատարակված ծանուցումները ստակով հրատարակված ծանուցմանց վրա սա առավելություններն ալ ունին, որ շատ անգամ երկրորդ երեսին մեջ կը հրատարակվին և պաշտոնական հանգամանք մալ ունին։ Տեսեք ինչպես։

Դիցուք թե նպարավաճառի մը խանութ բացի և կուզեմ լրագրաց մեջ ծանուցանել հասարակության այս խանութիս բացումն և իրեն ըսել, թե աղեկ ապրանքներ կը վաճառվին իմ վաճառատանս մեջ չափավոր գիներով։ Ամեն լրագրաց մեջ տասնական անգամ հրատարակել տալու համար այս ծանուցումն առնվազն չորս հինգ ոսկի հատուցանել պետք է։ Մեղք չէ՞ ոսկիներուս։ Ձրի ծանուցանել կուտամ։ Կեցցե՞ սահմանադրությունը։

Քանի մը բարեկամաց շնորհիվ կը հաջողիմ թաղական ընտրվիլ։ Ընտրողական ժողովը պաշտոնական գրությամբ կիմացունե ինձ, թե պատվարժան թաղեցին յուր վստահության քվեով պատված է զիս թաղական խորհրդարանի մեջ աթոռ տալով ինձ, և թե թաղեցին վստահ է իմ ազգասիրական զգացմանցս վրա՝ որոց փորձն տված եմ եղեր երբեմն։

Այս նամակն առնելուս պես վաճառատանս ծանուցման մեկ մասը հրատարակված կը նկատեմ։

Գիտե՞ք ինչ կընեմ։

Ընտրողական ժողովույն նախագահին ուղղյալ նամակով մը պատասխան մը կը գրեմ հետևյալ իմաստով․

«Պատիվ ունեցա ստանալու․․․ թվականավ ձեր... յան... գրությունն, որով կիմացնեիք ինձ Թաղական խորհրդո անդամ ընտրվիլս․ բայց կը ցավիմ, որ ազգիս ծառայելու փափագիս հակառակ, չպիտի կրնամ ընդունիլ այդ պաշտոնն, որովհետև զբաղմունքս