Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/675

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այնքան շատ են, որ գլուխ քերելու ժամանակ չունիմ, — գլուխս բերել տալու համար օրականով գործավոր մը վարձեր եմ — հաճախորդները խուռն բազմությամբ վաճառատունս կը դիմեն և կարագ, բրինձ, օճառ, մոմ, պանիր, լուբիա, մաքարոնի և այլն կը դնեն կերթան։ Տասը մեծ տակառ սայաղի չորս օրվան մեջ սպառեցավ՝ երկու հարյուր պարկ բրինձ շաբթվան մը մեջ հատավ, հարյուր պարկ շաքար երկու ավուր մեջ լմնցավ։ Ինչո՞ւ, որովհետև լավ ապրանքներ բերել կուտամ և աժան գնով կը վաճառեմ։ Ուրիշներուն պես պակաս կշռել չեմ տար. պատվավոր մարդեր կը գործածեմ վաճառատանս մեջ։ Ոսկին հարյուր ութը դահեկանեն՝ երեք դահեկան տասը փարայի կը վաճառեմ շաքարը, տասն երկու դահեկնի սայաղի, չորսի օճառը, և կը հուսամ, թե արգո հասարակությունն ևս քան զևս պիտի փութա յուր ներկայությամբը պատվել վաճառատունս, որ պատրաստ է ամեն կերպով գոհացնել յուր հաճախորդները։

Խնդրելով... պատիվ սրբազան հայր, որ հաճիք ընդունիլ սույն պարզ հրաժարականս և շնորհակալություններս հայտնել պատվարժան թաղցեվոց, որ իրենց քվեովն բարեհաճած են պատվել զիս, մնամ հարգանոք

Նպարավաճառ...
Պոլիս... փողոց... թիվ

Հ. Գ. — Կեսարիայեն ընտիր ապուխտներ ընդունած եմ այս օրերս։

Նույն

Կը ծալեմ նամակը, կը կնքեմ և հասցեին կը ղրկեմ։ Հետևյալ օրը թաղին Թաղական խորհրդո գրագրին ականջն ի վար բան մը կը փսփսամ և գործիս կերթամ։

Եվ ահա... կը քաշվիմ կոր պատմելու... և ահա... խնդալս կուգա կոր... և ահա... հա, հա, հա, ...երկու օր վերջը լրագրաց մեջ կը կարդամ նամակս, որու վրա ավելցված են հետևյալ տողերը.

...թաղին թաղական ընտրված... էֆենտին հետևյալ հրաժարականը ղրկած է ընտրողական ժողովույն։

Բայց, մեկ անգամվան ծանուցումեն գոհ չեմ։ Ի՞նչ ընեմ։ Բարեկամացս կը դիմեմ նորեն և կաղաչեմ, որ ջանան հրաժարականս ընդունել չտալու։ Կը հաջողիմ։ Երկու օր վերջը կընդունիմ երկրորդ նամակ մը, որ կը հայտնե, թե հրաժարականս ընդունված