Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/676

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չէ։ Երկրորդ պատասխան մը կը գրեմ հասկցնելով իրենց, թե ի՛նչ է նպարավաճառի մը պաշտոնը, թե նպարավաճառ մը չկրնար խանութեն բացակա գտնվիլ, թե խղճամիտ նպարավաճառ մյուր հաճախորդները գոհ ընելու համար պարտի մեծ զոհողություններ ընել վաճառատանը մեջ, թե ուրիշ նպարավաճառներ շարունակ բացակա գտնվելով իրենց խանութեն, շատ անգամ իրենց պանիրը կատուներու ճանկ տված են, թե իրենց ձեթի թակույկի մեջ խղդված են մուկեր—որովհետև ասանկ ծանուցումներու մեջ ուրիշները վար զարնելու է։ — Ուստի, կը կրկնեմ հրաժարականս հայտնելով, թե վաճառատուն ես գնված նպարեղենը գնողին մինչև տունը կրնանք ղրկել։ Կը խնդրեմ, հաղորդեցե՛ք այս տողերը պատվարժան թաղեցվոց։

Մնամ ազգիս անձնանվեր նպարավաճառ

Վարպետությամբ մը այս երկրորդ ծանուցումն ալ հրատարակել կուտամ լրագրաց մեջ և գործս կը լմնցնեմ։

Դյուրին չէ՞ այս եղանակը և ավելի շահավոր չէ՞։

Ազգային խմբագրաց պարտքն է այսուհետև զգուշանալ ասանկ վարպետություններեն, որ կը գործվին իվնաս իրենց շահուց։


ԿԱՆԱՆՑ ՄԵՋ ՀԱՍԱԿԻ ԽՆԴԻՐ

Ամեն մարդ, ամեն կին, կը հայտնե, կամ կը պաշտպանե այն կարծիքն, որ յուր դրից նպաստավոր է։ Եվ որովհետև ամեն մարդ միևնույն դիրքը չունենար, բնական է, որ ամեն մարդ ալ միևնույն կարծիքը չունենա։ Դիրքը նույնիսկ կարծիքն է։

Հարցուր հարուստի մը կարծիքն ինքնօգնության վրա.

— Ինքնօգնությունը պատվական է, կը պատասխանե, ուրիշեն օգնություն խնդրեյն մուրացկանություն է։

Միևնույն հարցումն ուղղե աղքատի մը.

— Ինքնօգնությունը զիս կործանեց, կը հառաչե, եթե դրսեն քիչ մը օգնություն տեսնեի՝ մեծ մարդ մը կըլլայի այսօր։

Նույնպես հարցուր մեծատան մը.

— Դրամօժիտին վրա ի՞նչ կարծիք ունիք։

— Դրամօժիտը դյուրացուցած է ամուսնությունները:

Նույնը հարցուր աղքատին.