Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/678

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ինչո՛ւ բարձր հասակ չունեցող կիները կը ճգնին իրենք զիրենք բարձր ցույց տալու։ Ոչ միայն կը զարմանամ, այլ, երբ զբաղում չունենամ, վիշտ ալ կ՝ըզգամ քիչ մը, որպես զգացի հինգ օր առաջ կամուրջի վրա՝ հանդիպելով բարձրահասակ կոշիկով կնոջ մ՝որուն հասակը շատ կարճ ալ չէր։ Բարձր տաղա՜նդ, կ՝ընդունիմ, բայց բարձր կոշիկը կը մերժեմ։ Չափազանցություն չկարծվելու համար, հավատացե՜ք, կը վախնամ հայտնելու, թե հիշյալ տիկինը կես կանգուն բարձրությամբ ալ գլխարկ մը դրած էր գլուխը։ Գիտենք արդեն, թե ասոնք ընդհանրապես երկար շրջազգեստ կը հագնին։

Ընդհակառակն, բարձրահասակ կանայք ալ կարճ երևալու համար ամեն հնարք կը գործեն։ Եվ որովհետև չեն համարձակիր իրենց գլուխը կտրել տալ կարճ երևալու համար, շատ անգամ կը ծռին, և միշտ՝ ի՛նչ գիտնամ, անանկ դիրքեր կառնեն, որ անմիջապես կզգաս, թե նվազ բարձր երևալու համար թափված ճիգեր են։ Ասոնց կոշիկները կրունկ չունին, շրջազգեստը կարճ է, և բարձր գլխարկ չեն դներ բնավ իրենց գլուխը. չեն ախորժիր։ Լուսահոգի բարեկամներես մին, որուն բերանը բնավ ակռա չկար, ընկուզեն չեմ ախորժիր, կըսեր, և ընկույզ ուտողները կը ծաղրեր։

Ի՜նչ տգեղություն կա բարձր հասակին մեջ։ Միթե բարձրահասակ աղջկան մը համար չե՞նք ըսեր միշտ. «Նոճիի պես հասակ մունի», որպես կարճահասակին համար ալ, «Շահոքրամ կը նմանիս։

Ի՜նչ կ՜ուզեն ուրեմն կանայք։

Կուզեն ունենալ, ինչ որ չունին. իրենց ունեցածեն գոհ չեն։

Գեր կինը.

— Իցի՜վ թե քիչ նիհար ըլլայի, կըսե։

Նիհարը.

— Ո՜ տայր ինձ կտոր մը միս։

Բարձրահասակը.

— Երանի թե հասակս քիչ մը կարճ ըլլար։

Միջահասակը.

— Ո՞ւր է թե հասակս քիչ մը երկար ըլլար։

Սև աչքեր ունեցողը.

— Հոգիս կուտայի կապույտ աչքեր ունենալու համար։

Կապույտ աչքեր ունեցողը.

— Նմանս չպիտի գտնվեր, եթե աչքերս սև ըլլային։

Հաստ մեջք ունեցողը.

— Աստծմե բարակ մեջք մը միայն կուզեմ։