Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/685

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կողմե արտոնված թերթ մը չէ, որովհետև Խիկարին ձեռագրերն քննական բովեն անցելեն հետո կը հանձնվին մամլո։ Այսքան բացատրություն բավ կը համարինք պատասխանելու համար այն դիտողությանց, որ ուղղվեցան մեզ Խիկարին անցյալ շրջանին պակասությանց մասին, և կը խոստանանք մեր ընթերցողաց ճաշակն գոհացնել ներկա շրջանին մեջ, ուր չենք կարծեր, որ խնդալու նյութեր պակսին մեզ» (տե՜ս էջ 381)։

Պարոնյանի ստեղծագործության բովանդակոլթյունը տեղի տալով գոյություն ունեցող խստություններին, հարկադրաբար պարփակվում, սեղմվում է ազգային կյանքի, ընտանիքի, բարքերի ու կենցաղի շրջանակներում։ Վերանամ է հեղինակի քաղաքական ծաղկող երգիծանքը, բայց անկախ երկի բովանդակությունից և առաջադրած հարցերից, ամենուր ներկա է հանճարեղ երգիծաբանը։

«Խիկարի» էջերում լույս տեսան հայ թատրերգության գոհարներից անմահ «Պաղտասար աղբարը», քաղքենիական կենցաղի զոհերի հոյակապ շարքը «Քաղաքավարության վնասները», վերջապես միշտ արդիական, իրենց թարմությունը երբեք չկորցնող «Առտնին տեսարաններն» ու «Առտնին կռիվները»։

Բացի կենցաղային նման երկերից, «Խիկարում», փոքր հոդվածների, դիտողությունների, հայտարարությունների միջոցով շոշափվել են ժողովրդի մտավոր զարգացմանն ու առաջընթացին խաթարող բազմաթիվ հարցեր։

Հատորի նյութերն ընդհանրապես անստորագիր են, մի մասը ծածկանուններով, մասամբ էլ՝ հեղինակի ստորագրությամբ:

Պարոնյանին ճանաչելու համար, բացի ընդունված հանրահայտ տվյալներից՝ լեզու, ոճ, գաղափարախոսություն, մտածողության և ստեղծագործության առանձնահատկություններ, նախասիրություն, համակրանք, ատելություն, կա և մի եզակե հատկանիշ, երբ հեղինակը անստորագիր և ծածկանուններով երկերի մեջ հուշում է իր մասին և ինքն է բացահայտում իր դեմքը։ Այս փաստի վրա ընթերցողի ուշադրությունն ենք հրավիրել դեռևս նախորդ հատորներում, և բարեբախտարար, Պարոնյանի ողջ ժաոանգությունը, ինչպես և սույն հատորը, հարուստ են նման ակնարկներով։

Վկայակոչենք փաստերը։

«Քրիստոսատուր էֆենտիի ճրագը մարելու վրա» հոդվածի առաջին իսկ տողերում ի հայտ է գալիս անստորագիր հեղինակը.

«Այս անձին կենսագրությունն, — գրում է Պարոնյանը, — որ Թատրոնիս մեջ հրատարակվեցավ սա տողերով կը վերջանար:

«Քրիստոսատուր էֆենտի ազգին մեծ ծառայություն ըրավ, որ չկարգվեցավ ու զավակներ չունեցավ» (տհ՛ս էջ 42—43)։

Նախ. «Թատրոնի» տերը ինքը Պարոնյանն էր, երկրորդ, մեջբերումը «Ջոջերից» է, ուր Ք. Ղազարոսյանը ներկայացված է նույն տողերով (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, II հտ., «Ազգային ջոջեր» էջ 177)։

«Բարեկենդանի մոտ» հոդվածում հեղինակը զրուցում է բարեկամի հետ.

« — Ի՞նչ կ՝ըսես, հարցուցի բարեկամիս, մեր այսօրվան տեսածներուն։

— Ոչինչ, պատասխանեց ժպտալով, բարեկենդանի մոտ ասանկ բաներ կ՝ըլլան։

— Բարեկենդանի մեջ ուրեմն ո՜վ գիտե ինչեր կըլլան։

— Շատ բաներ կըլլան, դիտե ու գրե մարտի թերթիդ մեջ» (տե՛ս էջ 599)։

Թերթը «Խիկարն» է, որի տերը՝ խմբագիրը, Պարոնյանն էր։