Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/686

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պարոնյանը տարբեր ձևերով է ներկայացնում իրեն։ Հաճախ, ինչպես վերը տեսանք, նույնանում է իր թերթերի՝ «Թատրոնի», «Խիկարի», հետ, մի այլ դեպքում հարցազրույցի միջոցով պարզվում է հեղինակի ինքնությունը, երբ զրուցակիցը դիմում է նրան իբրև հիշյալ թերթերի խմբագրի։ Այս առումով հատկանշական են «Խեղճ սիրահար մը» և «Մուրացկանության մեջ ազնվականություն» մանրապատումները, ուր անհայտ մարդիկ, ներկայանալով խմբագրին, հարցնում են՝

«— Բարև, էֆենտի։

— Աստծու բարին։

— Թատրոնի խմբագիրը դուք եք։

— Այո» (տե՛ս Էջ 193) կամ՝

« — Հրամանքդ խմբագի՞րն ես Խիկարին:

— Եթե կր հաճիք» (տե՛ս Էջ 527)

«Թղթակցությունք Թատրոնի» վերնագրով լույս են տեսել ժամանակի հրատապ հարցերին արձագանքող փոքրիկ ակնարկներ, ասույթներ, խայթոցներ, սրամտություննեը, հիշեցումներ, բոլորն էլ անստորագիր, բացի երկուսից, որոնց ծածկանուններով են։ Մի քանի թղթակցությունների մեջ, երբ հարկ է լինում պաշտպանելու «Թատրոնի» իրավունքները, ճշտելու նրա դերն ու կոչումը, իսկույն միջամտում է «Թատրոնի» խմբագիր Պարոնյանը։ «Թղթակցություններից» մեկում, դիմելով անհայտ մի օրիորդի ասում է.

«Թատրոնի բաժանորդ գրվիլ կուզեք եղեր, շնորհակալ եմ ձեր ինձի ցույց տված համակրական զգացումներեն» (տե՛ս էջ 121)։

Եվ կամ՝

«Վաղը կարգվելեդ ետքը թշվառ ըլլաս նե, չելլաս ըսես, թե Թաարոնը առաջուց իմաց չտվավ» (տե՛ս էջ 118)։

«Դուն ալ աղջիկ մը չկրցար գտնալ, և չեմ կարծեր որ կարենաս գտնալ մինչե որ ես Թատրոնիս մեջ ծանուցում մը չընեմ» (տե՛ս էջ 135)։

Նույն «Թղթակցություններում» Պարոնյանը սեփական արժանիքների և ինքնասիրութեան բարձր գիտակցությամբ դիմում է մեծամտացող հարուստին՝ հետևյալ խոսքերով.

«Աս ի՞նչ է, քթեդ իյնողը հազար կտոր կըլլա, հարուստ ես նե ինձի օգուտ ունի՞ս, կամ ինձի չափ ազգին ծառայած ունի՞ս, որ պարտավոր ըլլամ զքեզ տեսած ատենս գետնեն խոնարհություն ընել, բանդ գնա, էֆենտի, ես քեզմե շատ օգտակար անձ մեմ, թե՛ մարդկության և թե՛ ազգիս, քեզի կը վայելն գետնին տակեն բարևել զիս» (տե՛ս էջ 121)։

Նման ստեղծագործությունները, անկախ ծավալի փոքրությունից, եզակի են իրենց հասարակական արժեքով, և Պարոնյանի գրչի փայլուն վկայություններն են։ Նրանք հեղինակի դիմանկարներն են սեփական ձեռքով գծագրված։ Ահա մի քանիսը։

«Քրիստոսատուր էֆենտիի ճրագը մարելու վրա» հոդվածում շարադրված են հեղինակի բարոյական սկզբունքները, որոնք են՝

«Ե՞րբ իրավունք ունեցած չենք, ե՞րբ անմեղ մը հարվածած ենք. մենք, մինչև որ մարդու երիկամունքը չքննենք և անոր չարագործ, անխիղճ, ազգակործան ըլլալուն խղճովնիս չհամոզվինք, անոր վրա ոչ թե բառ մը, տառ մը անգամ չենք կրնար գրել» (տե՛ս էջ 43)։