Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

———————————————— ամենհվին, վասնզի —————————————բայց ինչ և է —————————————։ Մինչդեռ ———————————————ըստ որում և սյլն

քույդ
Թատրոն

Թատրոնի դադարման միջոցին ազգային քանի մը թերթեր ալ դադրած՝ բայց վերջեն իրենց ներվելով նորեն հրատարակվիլ սկսած ըլլալնուն համար մեր ցավակցությունն ու խնդակցությունն միանգամայն կը հայտնենք։


ՆԱՄԱԿՔ «ԹԱՏՐՈՆԻ»

... Էֆենտի.

Ինչ որ ըսեմ քեզի իրավունք ունիմ, ինչ որ ընես ուրիշին, իրավունք չունիս։

Եթե դուն իրավունք ճանչցող մեկն ըլլայիր՝ նախ և առաջ լեզուդ առաջ երթալու չէր հանդիմանելու այդ ազնիվ տիկինը, որուն դուն ժամանակավ ոտքի ամանները կը տանեիր իր ետևեն, որուն հիշատակաց արժանի ամուսնույն բարիքները վայելած ես ժամանակավ, բարիքներ՝ որք բարեբախտաբար պատճառ եղան, որ այսչափ բարձրանաս և դժբախտաբար ուրիշներու չարիք գործես։

Ի՞նչ կուզես, մարդ Աստուծո, բարձրանալու համար անպատճառ ուրիշներուն չարի՞ք ընել պետք է, և ընելեն ետքը ինքզինքդ սրբոց կա՞րգը դասել պետք Է։

Ինքզինքդ բարի ցույց տալու համար բռնած ընթացքիդ ըսելիք չկա։ Առավոտները անկողինեդ ելնելուդ պես ջերմեռանդությամբ «Տէր, եթէ զշրթունս իմ բանաս»¹ կը կարդաս բարձր ձայնով. որպեսզի փողոցեն անցնողները՝ աս ինչ բարեպաշտոն մարդ է ըսեն, երեսդ լվալեդ ետքը նարկիլե խմելով գլուխ մը Նարեկ կը կարդաս և այնքան կը պոռաս, վոր Նարեկացին ողջ ըլլար նե՝ պիտի վախնար մարդը ու գիրքը ձեռքեդ հափշտակելով գլխուդ պիտի իջեցուներ։ Այս աղոթքն ալ լմնցնելեդ ետքը սատանան հետդ առած՝ եկեղեցի կերթաս աղոթելու համար Աստուծո, որ սիրտդ կարծրացնե, որպեսզի խեղճ մարդոց և ազնիվ ընտանյաց դյուրությամբ կարենաս վնաս հասցնել։ Հավատա՛, որ եկեղեցիին դռնեն ներս մտած ժամանակդ սիրտս թունդ կելլա, որ չելլաս Աստուծո ալ չարիք մը հասցունես, բայց մեկ կողմեն սիրտս կը հանդարտի