Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կնիկները մեկ ու կես կանգուն բարձրությամբ պոթին պիտի հագնին։

Մասիս պատվական լրագիրը ճշմարտություն մը պաշտպանելով էֆենտիի մը դեմ պիտի գրե ու ետքեն հազար անգամ պիտի զղջա։

Արծաթ մեճիտիեն քառասուն ղուրուշի պիտի երթա։

Պարտականին մեկը պարտատերին չերևալու համար տարի մը հարբուխ պիտի ըլլա։

Ղալաթիո երկաթյա կամուրջը շինվելուն պես Ամերիկայի արվեստահանդեսը պիտի ղրկվի, ցույց տալու համար, թե աշխատությունն ինչպես քիչ միջոցի մեջ մեծ գործեր գլուխ կը հանե։

Կնկան մեկը չորս աչքով զավակ մը պիտի բերե, որպեսզի Ղալաթիայեն անցած միջոցին չորս կողմը նայի, որ կառքի մը տակ չմնա, կամ բեռնակրի մը զարնվելով գլուխը չպատռե։

Թունելի կառաձիգ չվանը պիտի փրթի, մեջը եղողներեն ոմանք պիտի մարին, իյնան։ Թունելի ընկերությունը այդ չվանը շինող ընկերության դեմ պիտի բողոքե։

Հարուստ մարդու մը կնիկը սիրական մը պիտի գտնե ու հետը պիտի փախչի։

Թրամվեյով Ղալաթիային Օրթագյուղ գացած ատեննիս քսան մեյմուր պիտի գա ու պիլեթ պիտի հարցոմնե։

Գողերը գիշեր ատեն փողոցեն անցնողներուն գրպանները պիտի խառնեն և գրպանը ստակ չունեցողները չարաչար պիտի ծեծեն, որով գիշերները դուրս ելնողները պիտի ստիպվին գրպաննուն մեջ ստակ ունենալ։

Կրոնական ժողովն իրեն ներկայացած խնդիրներն արդարությամբ պիտի լուծե։


Ադրիանուպոլսո շոգեկառքով ճամբորդ մը Պոլսեն Ադրիանուպոլիս գացած միջոցին ճամբան պիտի կորսվի ու երկաթուղվո