Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ընկերությունը օխան չորս ղուրուշեն հաշվելով պետք եղած գումարը պիտի վճարե կորսված մարդուն ծնողացը[1]։

Գողերը ամենեն հարուստ պանքա մը պիտի մտնան ու քասաներուն մեջ ստակ մը չգտնելով ետ պիտի դառնան։

Մասիս նախ ամեն օր հրատարակվիլ պիտի սկսի ու ողջամիտ հասարակութենեն ընդունելություն գտնելով օրը տասներկու անգամ պիտի հրատարակվի։

Դերասանական խումբ մը չկրնալով ապրիլ, ամառը ցերեկ ատեն մեյտան օյունի² պիտի խաղա։

Երկու երեք լրագիր պիտի խափանվին բան մը գրած չըլլալնուն համար։

Հարուստի տղա մը իր բոլոր հարստությունը պարահանդեսի մեջ պիտի ուտե։

Մարդուն մեկը Բերայի ճաշարաններեն մեկուն մեջ պիֆթեք կերած ժամանակը չորս ակռան մեկեն պիտի կոտրե։

Գողին մեկը գիշեր ատեն պատվավոր մարդ կարծելով գողի մը վրա պիտի հարձակի և ունեցածը վրա տալով պիտի փախչի։

Վաճառականին մեկը վաճառականե մը հարյուրին քառասուն տոկոսով փոխառություն մը ընել պիտի ուզե ու չպիտի հաջողի։

Լուսին համազգի լրագիրն ըստ սովորության երեսուն օրեն պիտի մեռնի և հետևյալ օրը նորեն պիտի երևնա․ օր մալ լուսնին մեկ մասը պիտի խավարի, որով կեսը լուսավորյալ, կեսը խավարյալ պիտի մնա, բայց վերջեն նորեն լուսավոր երևնալով բաժանյալ եղբարց մեջ միություն պիտի գոյացնե։³

Արժանապատիվ Ամբրոսիոս վարդապետը ուրիշներու դեմ բացած դատերեն ետ պիտի քաջվի։

Թատրոնին բաժանորդներն Թատրոնին ճակատը դրված կանխիկ թառն հիշելով բաժանորդագինը պիտի բարեհաճին ղրկել ընկալագիրն առնելնուն կամ ուզելնուն պես։

  1. Գիտնալ պետք է, որ վագոններուն մեջ ապրանք մը կորովի նե ընկերությունը կորսված ապրանքին օխան երկու կամ երեք ղուրուշեն հաշվելով քանի ղուրուշ ընե նե ապրանքին տիրոջը կուտա եղեր։