Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երեկույթի մը մեջ երիտասարդին մեկը աղջիկ մը պարի պիտի հրավիրե՝ աղջկան հայրը թող չպիտի տա, աղջիկը պիտի մարի, իյնա։

Դրամական վիճակը պիտի բարվոքի և ամեն մարդ գրպանը խառնած ատենը քանի մը ղուրուշ գտնալու բախտին պիտի արժանանա։

Երեսփոխանին մեկը օր մը սրդողելով՝ նստած աթոռն առնելուն պես ուրիշ երեսփոխանի մը գլխուն պիտի իջեցունե։


Շիտակ կարդալ ու գրել չգիտցող մեկը վարժարանի մը տնօրեն պիտի ըլլա։

Ինքզինքը շատ բարձր դիրքի մեջ կարծող մեկը իր բարեկամներեն մեկան խաչը բռնելու համար խոսք պիտի տա, բայց ոտքով քալելու վարժված չըլլալուն համար հարսնիքին գիշերը փեսին տունը պիտի նստի ու յուր սպասավորը պիտի ղրկե, որ փոխանորդաբար խաչը բռնե։ Այս տնօրինությունը շատ ծիծաղ պիտի հրավիրե իր վրա:

Մոտա մը պիտի ելլա որով կնիկները գլուխնան վրա մեյմեկ դդում պիտի դնեն։

Մարդուն մեկը Ղալաթիո ճաշարաններուն մեկուն մեջ կերակուր կերած միջոցին հացին մեջեն երկուքուկես կանգուն երկայնությամբ չվան մը պիտի գտնա։

Լուսին լրագիրը մեկ ամսվան մեջ միայն չորս շաբաթ պիտի խավարի։

Թրամվեյի ձիերն անոթութենե չկրնալով կառքերը քաշելու գործադուլ պիտի ընեն։

Մուկերն պանքայի մը սնտուկին մեջ մտնելով առատ պանիր պիտի գտնեն և ուտելով պիտի կշտանան։

Փաստաբանաց համար նոր հրատարակված կանոնագրին վրա փաստաբաններու սով պիտի ըլլա։

Դրամական վիճակը այսպես շարունակելու ըլլա նե գողերու առատություն պիտի ըլլա։

Վիրաբուժազուն բժիշկը բոլոր տուներեն վռնտվելով ինքզինքը բժշկելու պիտի պարապի։