Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ռ..․ կողմեն փոթորիկ մը պիտի բրդի...

Երիտասարդ սեղանավոր մը պատվավոր կերպով պիտի սնանկանա, հիմակվնե զգուշացեք։

Տերության մը արտաքին գործոց պաշտոնյան պիտի խենթենա։

Տերություն մը փոխառություն ընել պիտի ուզե, բայց չպիտի հաջողի։

Ոչ պաշտոնապես ամուսնացյալ ազնվականի մը աղջիկը տարօրինակ կերպով պիտի պսակվի։

Գողությունը քաղաքի մը մեջ ստիպողական պիտի ըլլա։

Չորեքշաբթի օրերը Ենի-ճամիի փոսթային նամակ մը տալու համար հասարակությունը առտվնե մինչև իրիկուն հոն չպիտի սպասե, պաշտոնյայք ձեռքերնին քիչ մը շուտ պիտի բռնեն, ինչպես որ ձախակողմյան պաշտոնյային մեկն ալ բերանը մաքուր պիտի բռնե։

Կամ կոմս մը, կամ դուքս մը, կամ իշխան մը անդիի աշխարհ պիտի գաղթե։

Լրագիրներուն վրայեն դրոշմ պիտի վերցվի։

Պլաք պեյը թուրք և հայ լրագրապետաց մեջ տիրող անհավասարությունը պիտի վերցունե։

Դեսպանաժողով մը պիտի գումարվի եղած կամ ըլլալիք դեսպանաժողովներուն որոշումը դեսպանաժողովի մը հաղորդելու համար։


Ռոպերթյան վարժարանին մեջ գիշերները պյունյուկ չպիտի երևնա ու աշակերտները չպիտի վախցունե։

Հարյուր հողի պիտի կարգվի, երկու հարյուր հոգի կնիկնին պիտի թողուն։

Թուրքը հայուն ապտակ մը զարնե նե հայն ալ թուրքին պիտի զարնե. ամեն մարդ հավասար ցավ պիտի զգա։

Քայմեները հիննալով, պատռվելով պիտի վերնան և դրամական տագնապը հիմակվնե ավելի գիրկը պիտի բանա մեզի։