Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հարուստներեն ոմանք իրենց սպասուհիներուն հետ սիրահարություն ընելու ախտեն ետ պիտի քաշվին։

Քանի մը խմբագիրներ շարունակ վնաս ընելով խիստ հոդված մը պիտի հրատարակեն, որ խափանվին։

Ծանր տուրքերը պիտի վերնան, ինչպես նաև լրագրաց դրոշմի տուրքը։

Գիշերվան լրագիր մը պիտի ելլա ու գիշերը տեղի ունեցած դեպքերը հասարակության պիտի հաղորդե։

Դեսպանաժողովը յուր օրինավոր նիստերը պիտի սկսի։

Ուրիշ քաղաքաց հայերն ալ Կարնո հայերուն պես քաղաքապահ զորք դրվելով իրենց քաղաքը պիտի պաշտպանեն։

Աղջիկները երկու կանգուն բարձրությամբ գլխարկ պիտի դնեն գլուխնին։

Շիրքեթի շոգենավներուն մեյմուրները քիչ մը քիչ խոսելով նավու մեջիններուն գլուխը չպիտի ցավցունեն։

Բերայի թաղապետությունը ամսական պիտի կապե ամեն անոնց, որք Բերայի փողոցներուն ցեխերը բանթալոննուն վրա առնելով՝ փողոցները կը մաքրեն։


Քղթադրամը դատարաններու մեջ ալ պիտի ընդունվի։

Թխագույն երիտասարդ մը աշխարհաբար լեզվի նոր քերականություն մը պիտի հրատարակե, որ ժամվան մը մեջ պիտի սորվվի։

Պատրիարքարանը արդարությունը ի գործ դնել ուզելով հիմակվան քաբու քեհյասին պիտի հրամարեցունե և Սաքայան Էֆենտիեն պիտի խնդրե, որ հաճի հիշյալ պաշտոնն ընդունիլ, ոչ թե յուր, այլ ազգին շահուն համար, որ կը պահանջե խոսիլ գիտցող, պատկառանք ազդող մարդու մը հանձնել այդ փափուկ պաշտոնը։

Ազգային վարժարանները հարուստներուն ստակ պիտի տան, որ հարուստները դաստիարակվին և ուրիշ ազգաց հարուստներուն պես ազգին քիչ մը օգնեն։