Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մարդուն մեկը կնկանը աղվորությանը պատճառավ իր կարողութենեն վեր պաշտոնի մը պիտի կոչվի և ընդհանրության վնաս պիտի հասցունե։

Երևելի հարուստի մը հարստահարությանց տեղեկագիրեն օրինակ մը պիտի ղրկվի ու պիտի մերժվի։

Երիտասարդները երդում պիտի ընեն ազգին վրայոք բան մը չխոսելու և հայերեն լեզուն բոլորովին մեկդի նետելու։

Քանի մը դասատուներ անոթութենե պիտի մեռնին։

Հարուստ մարդուն մեկը երազ մը պիտի տեսնե, ուր ազգին հարյուր ոսկի կուտա կոր, այս երազեն վախնալով պիտի արթննա և ուխտ պիտի ընե մեյ մալ չքնանալ, որպեսզի ասանկ արհավրալի երազներ չտեսնե։

Երկու օրվան մեջ լմննալիք դատերը երկու տարվա մեջ պիտի լմննան։

Դարագեղի փայտյա կամուրջը պիտի վերանորոգվի։

Երևելի հարուստ մը յուր վճարումները դադրեցունելով շատ մը տուներ պիտի փլցունե։

Քոմիսիոն խանի սենյակները խիստ աժան գնով վարձու պիտի տրվին։

Ցորենի գինը պիտի բարձրանա ու մարդիկ պիտի սկսին հարդ ու գարի ուտել։

Իննսուն տարու մարդ մը ութսուն տարու կնկան մը հետ պիտի կարգվի, որպեսզի հավատարիմ ամուսնության ինչ բան ըլլալը բացատրե ժողովյրդյան։


Ուսումնական խորհուրդեն Բ․․․ էֆենտի Հ․․․ վիճակավ պիտի դադրի։

Թատրոնի բաժանորդներեն մեկը, իրմե բաժանորդագին ուզելնուս համար պիտի սրդողի։