Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կշիռ արդարության անունով շաբաթական լրագիր մը պիտի հրատարակվի և կը կարծվի՝ թե պակաս չպիտի տա։

Ապագա լրագրին ներկան չպիտի կրնա շտկվիլ։

Մասիս դպրոց մը պետի բանա և խմբագիրները ֆրանսերենե հայերենի թարգմանության պիտի վարժեցունե։

Մասիսի և Փունջի խմբագիրները օր մը իրարու գլուխ պիտի պատռեն Ազգային ժողովի մեջ։

Ազգը ջնջվելու վտանգին մեջ ալ գտնվի՝ աջակողմյան և ձախակողմյան երեսփոխան էֆենտիները իրարու գլուխ պատռելի ուրիշ բան չպիտի ընեն։

Կնկան մեկը յուր էրկանը սանձ մը պիտի դնե և քաշելով ուզած տեղը պիտի տանի:

Ղալաթիո Կեդրոնական վարժարանին համար Եվրոպայեն տնօրեն մը պիտի բերվի։

Մամլո խմբագրապետը հոդվածով մը պիտի բացատրե մեր ազգայնոց ոմանց, թե հայերեն լեզուն հայհոյություն չէ և թե կարող են հայերեն բառեր գործածել երբեմն երբեմն։

Մեր ազգայինք ամեն բանի մեջ եվրոպացոց նմանելու ախտեն բժշկվելով՝ խելքերնին գլուխնին պիտի բերեն։

Օր պիտի գա, որ պատերազմի դաշտը թշնամվույն դեմ փոխանակ զորք ղրկվելու, բժիշկ պիտի ղրկվի թշնամիները ջարդելու համար։

Թեթև երիտասարդները պիտի ծանրանան և ծանրերը պիտի թեթևնան։

Ոսկերչաց շուկային մեջ ոսկերիչներուն տեղը ժողովուրդը պիտի նստի և իր ունեցածը ծախելու պիտի սկսի։

Դասատուին մեկը իր հարյուր ղուրուշ ամսականը առնելու համար երկու հարյուր ղուրուշ շոգենավի ստակ պիտի տա։

Այս տարի ձիարշավի հանդեսին օրը Նոր Դար և Լրագիր սուտ լուրեր տալու մասին իրարու հետ պիտի մրցին։