Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՓՈՐՁԱՆՔ

ԵՎ

ԲԱՐԻ ՀԱՄԲԵՐՈԻԹՅՈԻՆ

Մեր լուրջ լրագիրներն նոր տարվույն առթիվ իրենց ընելիք խորհրդածությանց առաջին տողերուն վսեմություն մը տալու համար քանի մը շաբաթ առաջվնե բանաստեղծական դարձվածքներ կը պատրաստեն և անոնցմով սկիզբ կուտան յուրաքանչյուրն իրենց հոդվածին։

Մին կըսե․

1875-ն ալ սահեցավ, թավալեցավ, գլորեցավ, հալածվեցավ ու գնաց հավիտենականության անդունդին մեջ թաղվեցավ։

Ուրիշ մը սապես կսկսի։

1875-ն ալ ժամանակին անիկներուն տակը մնաց — տար Աստված, որ թևը չկոտրեր։

Անդիեն ուրիշ մը այսպես կը խոսի․

Մինչդեռ 1876-ի սեմոց վրա կեցած ենք — շատ մի կայնիր հոն, որովհետև սեմին վրա կայնողը զրպարտության կը հանդիպի կըսեն — ավելորդ չըլլար, կարծենք, հետահայաց նայվածք մը արձակել անցելույն պատուհաններուն վրա։

Չորրորդ մը սա լեզուն կը գործածե.

Թե մարդկային կյանքը ինչ շուտ կը սահի, ահավասիկ անցելույն տարիներուն վրա տարի մալ բարդեցավ, 1875-ն ալ գնաց անցելույն մեջ պառկիլ, քնանալ։

Ես ալ լրբախոս պաշտոնակիցներուս ինձի տված այս բանաստեղծական կաղանդչեքներն ընդուննելով կը խնդամ ու կը զվարճանամ։

Թողունք ուրեմն մեր պաշտոնակիցներուն բանաստեղծական եռանդն, որ իրենց հոդվածին առաջին տողին մեջ կը փայլի, ու դառնանք մեր ընթերցողաց ըսելու, որ 1875-ը գնաց ու տեղը 1876-ը եկավ։

Եթե Որդի հարազատ բերէ զնմանութիւն հօր իւրոյ, 1876-են բարօրություն ու երջանկություն սպասելու չենք։ Հորմեն ի՞նչ տեսանք, որ զավկեն ինչ հուսանք։

Չենք ըսեր, թե 1875-ը չար էր, քավ լիցի․ բարի էր, բարեգործ ըլլալ կուզեր, սակայն հանցանք մը միայն ուներ, ստակ չուներ, սուտ խոսած չենք ըլլար, եթե ըսենք, թե յուր բոլոր կյանքը չքավորության մեջ անցուց։