Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1875-ը որչափ չքավոր, այնչափ ալ շռայլ էր. կանայք ամեն ամիս նոր հագուստ շինելու չմոռցան, էրիկմարդիկ մեծածախս երեկույթներու մեջ զվարճացան, ժողովուրդը զբոսավայրերը պարապ չթողուր, քալելու վիճակ ունեցողն, քուբեի մեջ նստելե ետ չկեցավ. վերջապես, ամեն աստիճանի մարդիկ իրենց աստիճանին մեջ ապրիլ չուզեցին։

1875-ը յուր չքավորության տաղանդը ազգային սնտուկին մեջ ալ փայլեցուր։ 1875-ը ինչ ինչ խնդրոց մեջ յուր նախորդներուն ու հաջորդներուն դեմ վարվեցավ, արդարացնելով քանի մը եկեղեցականներ՝ զորս նախորդ տարիները դատապարտած էին ու հաջորդներն ալ պիտի դատապարտեին։¹

1875-ը մեր ազգին համար կրոնավոր մեղավ, — կրոնավոր մը, որ ճիզվիթներու մեջ դաստիարակված է — և բոլոր հանցավոր եկեղեցականն երբ հայրապետաց քովը նստեցուր։

Թողունք 1875-ը, չբամբասենք զինքը ու յուր տղուն, 1876-ի ծնունդը շնորհավորենք։

Աչվընիս լույս, բարեկա՛մք, 1875-ը տղա մը ծնավ... տեսեք, ի՛նչ աղվոր է, ճիշտ յուր հորը կը նմանի կոր, կարծես անոր քիթեն ինկեր է, հորը պես բարի է, հորը պես ստակ չունի ու հորը պես հագվիլը, սգվիլը, ուտելը, խմելը կը սիրե, ինքզինքը բոլորովին զվարճության տված է․— Աստված բարի ընե... 1875-ը անձրև էր, 1876-ը կարկուտ է։

— Դեռ տղա է, անոր ինչ ըլլալիքը հայտնի չէ տակավին, ուստի անոր վրա խոսիլն ալ ավելորդ է։— Շատ աղեկ, ամեն տարվան պես սկսինք ուրեմն մեր բարեմաղթություններն ընել․

Կը բարեմաղթեմ.
Մոտիսթրաներուն ապուշ կնիկներ,
Բժիշկներուն երևակայական հիվանդներ,
Քահանաներուն առատ առատ հարսնիքներ,
Սրճարանապետներուն պարապ պարտողներ,
Վալութաճիներուն հարուստ ալեվրաճիներ,
13 թիվ շոգենավով գացողներուն համբերության,
Երեսփոխանական ժողովին օրակարգին մեջ եղող խնդիրներուն բարի ազատում,
Փաստաբաններուն կնճռալի գործեր,
Թունելով երթևեկողներուն քաջասրտություն,
Խենդ Մուսթաֆային կարծյաց ազատություն,
Հաշվագետներուն խարդախյալ տետրակներ,