Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿԱՂԱՆԴԻ ՕՐՎԱՆ ՎԱՍՏԱԿՍ

Եթե իրավ է այդ խոսքը, թե մարդս պետք է որ անցյալեն խրատվի, իրավ է նաև սա խոսքը, թե մարդս կաղանդին օրը դուրս ելնելու չէ։

Պատմեմ ու դատաստանն ընթերցողաց հանձնեմ։

1876 հունվար 1, կաղանդին օրը տունեն դուրս ելա ու շոգենավ մտնելու համար նավամատույցը գացի։ Շոգենավն դեռ եկած չըլլալով կամ եկած գացած ըլլալով, ստիպվեցա սուրճ մը խմելու համար նավամատույցին մոտ սրճարան մը մտնել։

Սրճարանի սպասավորն զիս տեսնելուն պես աճապարանոք սուրճ մը եփեց ու թեփսիի մը մեջ քանի մը տեսակ շաքարեղեն դնելով բերավ։

— Աստված շատ տարիներու հասցնե, աղա՛։

— Շնորհակալ եմ։

Սուրճը խմեցի ու քաոորդ մեճիտիե մը ձգելով թեփսիին մեջ, դուրս ելա ու նավամատույցը գացի։

Շոգենավը դեռ եկած չէր։

Լուսթրո, լուսթրո, այնա կիպի լուսթրո, կը պոռար հրեայի տղա մը։ Նշան ըրի, եկավ ու սկսավ կոշիկներս փայլեցնել։ Երբ որ գործը լմնցուց, պատրաստվեցա տասնոց մը նետել․ իսկ հրեան լուսթրոյին սնտուկեն երկու նարինջ ցցունելով ալլահ չոգ սենելերե եթիշտիրսին² ըսավ ու նարինջները նորեն սնտուկեն մեջ դրավ։

Պատշաճից օրենքին դեմ վարված չըլլալու համար քառորդ մալ հրեայի տղուն տվի, անհամբեր սպասելով, որ շոգենավը գա ու մեջը մտնամ երթամ։

Շոգենավն եկավ․ մարքան առի — մարքա տվողն չգիտեմ ինչպես եղավ մոռցավ նոր տարի բարեմաղթելու․ մտա։ Վերջապես ըսի մտքովս, կաղանդչեք տալեն խալսեցա․ աս ըսելուս չմնաց և ահա շոգենավին պյուֆենիները թեփսի մը բերելով առջևս՝ ըսին․