Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Վերեն տե սաղ օլսոլն վերմեեն տե³։

Ո՞վ չուզեր ապրիլ — քառորդ մալ ասոնց տվի, անիծելով այն ժամն, ուր տունեն դուրս ելա։

Շոգենավն՝ որ կամաց կերթար — անշուշտ պյուֆեճիներուն ժամանակ տալու համար, որ շոգենավուն մեջ գտնվողներուն ամենուն ալ նոր տարի բարեմաղթեն — վերջապես հասավ կամուրջը։ Դուրս ելա ու բավական անոթեցած ըլլալով ճաշարան մը գացի փորս կշտացնելու համար։ Կշտանալե ետքը հաշիվ հարցուցի։

— Ութը ղուրուշ տասը փարա, ըսավ մանչուկը։ Ստակը համրեցի ու աճապարանոք դռնեն դուրս ելած ատենս նայեցա, որ մանչուկը օձիքես բռներ, կը քաշե կոր։

— Ի՞նչ կա, ինչո՞ւ կը քաշես կոր։

— Աստված շատ օրեր տա, շնորհավոր նոր տարի և բարի կաղանդ, մենք ալ ասանկ օրերու կսպասենք, էֆենտիմ։

Կրակ կտրեցա, բայց չհայտնեցի. եթե տալու չըլլաս՝ ստակ չունի կըսեն, եթե տալ ուզես՝ երկու ժամ գրպանները տակն ու վրա ընելու է. ինչ և է, քառորդ մալ ասոր տվինք, շնորհակալ եմ ըսելով՝ բարձր ձայնով, գետնին տակը անցնիք՝ ցած ձայնով։

Տունեն դուրս ելլալուս վրա հազար անգամ զղջալով երբ գրասենյակս երթալու վրա էի, ձայն մառի ետևես.

— Պարոն, էֆենտի, աղա, յահու, էյ․․․

Ետիս դարձա ու նայեցա, որ պատռտած հագուստներով մեկը վազելով եկավ.

— Ինձի չճանչցա՞ր։

— Չէ՛։

— Ժամանակով դուք փիրինճճիներու մեջ խան մը կը նստեիք։

— Լա՛վ:

— Ես ալ այդ խանին մեջ խահվեճի էի։

— Լա՛վ։

— Ձեզի սուրճ կը բերեի:

— Լա՛վ:

— Ձեզի միշտ կը գովեի։

— Լա՛վ, ի՞նչ կ՝ուզեք։

— Վերջեն ես ելա ու տեղս ուրիշ մը եկավ:

— Ի՜նչ ընեմ։

— Ձեզի որչափ կը սիրեի, գիտե՛ք։

— Գիտեմ: