Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԵՍԱՐԱՆ ԵՐԿՐՈՐԴ

ՆՈԻՅՆ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԺՈՎՈՎ

Կրոնական ժողով. — (Քաղաքական ժողովն չտեսնելով) Քանի որ Մկրյան գերապատիվ տեր Հովհաննեսին դուք շինված եքը կը հիշեմ, տակն ու վրա կըլլամ, կը հուզվիմ, կը կոծիմ, հուր կըլլամ, կը բորբոքիմ, բոց կըլլամ, ջրանկիրները կուգան և կը մարիմ։ Անիծյալ ըլլա այն օրն, ուր դուք շինված եք ըսավ ինձի և հեռացավ, անիծյալ ըլլա այն օրն ալ, ուր ես ալ շինվեցա... այսինքն շինված ըլլայ կարծվեցա։ Մինչև որ այս մարդը պաշտոնե չիյնա, ես չեմ կրնար պաշտոն վարել, բայց պաշտոն չվարելս ազգին վնաս պիտի բերե եղեր, միթե պաշտոն վարելս ազգին շատ օգուտ բերավ... աս է որոշումս, կամ ան կելլա, ես կը նստիմ, կամ ան կը նստի, ես կելլամ (Քաղաքական ժողովին պարտիլը տեսնելով) աս ինչո՞ւ կը պտըտի կոր, ի՞նչ կը խորհի կոր արդյոք։

Քաղաքական ժողով. — (Կրոնական ժողովն տեսնելով, մեկուսի) Աս ալ ինձի լրտեսելու համա՞ր ետևես կուգա։

Կրոնական ժողով. — (մեկուսի) Ինքնիրենը բան մը կը խոսի կոր։

Քաղաքական Ժողով. — (մեկուսի) Ո՞վ գիտե, ինչ սատանայություն կը խորհի կոր։

Կրոնական ժողով. — (մեկուսի) Մոտենանք իրեն, բարև՛։

Քաղաքական ժողով. — Աստծու բարին:

Կրոնական ժողով. — Քիչ մը չե՞ս նստիր։

Քաղաքական ժողով. — Մինչև որ այդ Ամբրոսիոսը չհրաժարի, չեմ կրնար նստիլ, հրամանքնիդ նստեցե՛ք։

Կրոնական ժողով. — Մինչև որ փոխանորդ տեր հայրը չելլա կամ մեղա չըսե՝ չեմ կրնար նստիք, ոտքի վրա ավելի աղեկ Է։

Քաղաքական ժողով. — Ամբրոսիոս վարդապետն այսպես չվարվիր ու սիրտս չվիրավորեր նե չէ՞ր ըլլար։

Կրոնական Ժողով. — Ես կըսեմ իրեն, որ ձեր սրտին մեծ մասը վիրավորած ըլլալուն համար ձեզի ներումն շնորհե։

Քաղաքական ժողով. — Ներումն ա՞ն պիտի շնորհե, թե մենք.