Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քաղաքական ժողուվ. — Հա, Ընդհանուր ժողովը կուգա կոր, անոր հարցունենք, ան մեծերնիս է։

Կրոնական ժողով․ — Շատ աղեկ։


ՏԵՍԱՐԱՆ ԵՐՐՈՐԴ

ՆՈՒՅՆՔ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

Քաղաքական ժողով․ — Աղեկ որ եկար, քեզի բան մը պիտի հարցնենք։

Կրոնական ժողով. — Դուն մեծերնիս ես, մեր դատաստանը կտրե։

Քաղաքական ժողով. — Հրամմեցե՛ք, սանկ նստեցե՛ք։

Ընդհանուր ժողով. — Ե՞ս նստիմ, ո՛հ, ոչ, ես չեմ կրնար նստիլ, դուք նստեցեք, կ՝աղաչեմ։

Քաղաքական ժողով. — Ես չեմ կրնար նստիլ։

Կրոնական ժողով. — Ես ալ չեմ կրնար նստիլ։

Ընդհանուր Ժողով․ — Ես ալ չեմ կրնար նստիլ և երբ կը հիշեմ վերջին նիստին մեջ եղած դեպքը, կը սոսկամ, և կըսեմ ինքնիրենս, կռիվը կելլա, ես կը նստիմ, կամ ան կը նստի, ես կելլամ։

Քաղաքական ժողով․ — Կամ Ամբրոսիոսը կելլա, ես նստիմ, կամ ես կելլամ, ան կը նստի։

Կրոնական Ժողով. — Կամ փոխանորդ տեր հայրը կելլա ես կը նստիմ, կամ ան կը նստի, ես կելլամ։

Ընդհանուր ժողով. — Շատ աղեկ, հարցուցե՛ք, ինչ որ կուզեք հարց ունել։

Քաղաքական ժողով․ — Մեր երկուքեն ո՞րն աղեկ է։

Ընդհանուր ժողով. — Հարցապնդումնիդ օրինավոր չէ, կանոնադրության համաձայն ըլլալու համար, պետք է որ հարցապնդումին ձևը փոխեք ու ըսեք, մեր երկուքեն ո՞րն աղեկ չէ։

Քաղաքական ժողով. — Թող այդ ձևով ըլլա։

Կրոնական ժողով. — Թող այդպես ըլլա։

Ընդհանուր ժողով. — Կրոնականն աղեկ չէ։

Կրոնական ժողով. — Չեմ ընդունիր։

Ընդհանուր ժողով. — Նստե, որ բացատրեմ։

Կրոնական ժողով. — Չեմ կրնար նստիլ, մինչև որ փոխանորդ տեր հայրը չելլա։

Ընդհանուր ժողով․ — Դուն նստե՛, քեզի պատմեմ։