Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քաղաքական ժողով. — Ես չեմ կրնար նստիլ, անկարելի է, դուն նստե և խոսե՛։

Ընդհանուր ժողով. — Տղա՞ ես, կրնա՞մ նստիլ, մինչև որ կռիվը չելլա, կաղաչեմ, դուք նստեցե՛ք։

Քաղաքական ժողով.— Ես ալ չեմ կրնար նստիլ, դուք կրնաք նստիլ։

Ընդհանուր ժողով. — Ատանկ է նե ոտքի վրա ասկից ավելի չխոսվիր, մնաք բարով։

Քաղաքական ժողով. — Երթաք բարով։ Ես ալ չեմ կրնաք նստիլ։

Կրոնական ժողով. — Երթաք բարով։ Ես ալ չեմ նստիր։

Վարագույրը կը գոցվի, ժողովներուն ոտքի ձայնը լսվելեն կը հասկցվի, որ դեռ նստած չեն։


ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐՈՒ ԽՈՐՀՐԴԱԿՑՈԻԹՅՈԻՆԸ

Տղա՞ս, ես քեզի ըսած չէի՞, որ այս դատը դժվար դատ մ՛է ու մեր փաստաբանին ընելիք գործը չէ. դուն մտիկ չըրիր ան ատեն ու հիմա դատերնիս կը կորսնցնենք կոր։

— Մի՛ վախնար, մայրիկ, այսօր ուրիշ փաստաբան մալ պիտի գա ու խորհրդակցին։

— Առջի փաստաբանը ի՞նչ կըսե կոր։

— Կըսե կոր, որ ես իբրև փաստաբան դատը պարզեցի, կոկեցի, փաստաբանեցի, ջատագովաբանեցի այնպիսի եղանակավ մը, որ բոլոր ունկնդիրները ծափ զարկին ըսելով՛ թե դատ մը այսչափ կրնա պաշտպանվիլ. բայց դատը չվաստակիք եղեր, ատի իմ գիտնալու բանս չէ. մենք փաստաբանքս դատ մը վրանիս առնենք նե ոչ թե այն դատը վաստկելու համար կառնենք, այլ տրամաբանության, ողջամտության, ուղղամտության համաձայն նախադասություններ ընելով, անոնցմե եզրակագություն հանելով՝ դատն յուր պարզության վերածելնուս համար կառնենք և պարզութեան վերածելնուս պատճառն ալ ժողովուրդը պարզասիրության վարժեցունել է։

— Ի՞նշ կըսես, տղաս, իրավցնե այս մարդն մեր դատը վրան առավ նե վաստկելու համար առած չէ՞ եղեր։

— Ի՞նչ գիտնամ, մայրի՞կ, անանկ կըսե կոր, տրամաբանութեան համաձայն դատը պարզելու համար վրան առեր է։