Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ես քեզ չեմ ճանչնար:


ՄԱՐԹԱ

Չե՞ս ճանչնար, հիմա կը ճանչցընեմ ինքզինքս... երթամ ժամկոչները կանչերու, որ գան առնեն Փրկիչ տանին քեզ: (Վազելով կերթա):


ՏԵՍԻԼ Թ.

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ առանձին, վերջը ԼԵՎՈՆ

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Թե որ մինչև հիմա սրտիս մեջ իրեն համար սեր կը կրեի, ան ալ դուրս ըրի. ասկե վերջը անհնարին է, որ կարենամ հետը ապրիլ... այսպիսի նախանձորդ կանանց հետ ապրիլը... կատուներու հետ խաղալու պես է, պանիր տված ժամանակդ կը ճանկռտեն... և ո՞վ եղավ բոլոր այսօրվան ձախորդությանց պատճառ, եթե ոչ ինքը, կուզե որ սիրվի վաթսուն տարվան հասակին մեջ. թե որ մեկ ուրիշ կնկան երեսը նայիմ, կռիվ ընելու կուգա վրաս... այս նախանձը չէ որ կանանց գեղեցկությունը կոչնչացնե...


ԼԵՎՈՆ

Մարդ չկա հոս...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Պարոն...


ԼԵՎՈՆ, մեկեն ի մեկ երեսը բռնելով իբր թե ակռան կը ցավի

Ի՞նչ կա:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ի՞նչ կուզեք:


ԼԵՎՈՆ

Ատամնաբույժը կը փնտռեմ, կուզեմ ակռաս ցցունել, ո՞ւր գացեր է արդյոք: