Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այո՛, մեր ստացվածքն է մատնությունը ի վաղուց անտի, հարուստներեն մինչև աղքատները, լուսավորյալներեն մինչև խավարյալները, ամենքն ալ ունին ասիկա. մեր առաջին զենքն է. Բրուսիո ասեղնավոր հրացաններեն ավելի զորավոր է. ամեն պարագաներու մեջ անոր կը վստահինք, անով հառաջ կը քալենք, այլ ինչ օգուտ, որ վերջեն անով գետինը կը տապալինք, ու ծագը ու ծանակ կըլլանք... արդյոք Երանյակը... (Երանյակ կը մտնա տխուր) ա՜հ, իմ երանելի Երանյակս միշտ այն միջոցին եկար ուր՝ քեզի համար կը կասկածեիր: Բայց ինչո՞ւ ասանկ տրտում տխուր...


ԵՐԱՆՅԱԿ

Տրտում տխուր։


ԼԵՎՈՆ

Լռիկ մնջիկ։


ԵՐԱՆՅԱԿ

Լռիկ մնջիկ։


ԼԵՎՈՆ

Միթե իմ ներկայությո՞ւնս վանեց այտերեդ այդ վարդագեղ կարմրությունը, պատասխանե, կույսդ նազելի, միթե, իմ տե՜սքս կապեց լեզուդ, պատասխան տո՛ւր, ինչո՞ւ այդ ժպտափայլ շուրթերդ թալկացեր ու չեն շարժիր: Ա՜հ, Երանյակ, խոսե, քու այդ լռությունդ դառնաղետ խորհուրդներ կստեղծե մտքիս մեջ։


ԵՐԱՆՅԱԿ

Լևոն, քեզի նվիրած եմ սիրտս, կյանքս ու պատիվս. այլ ինչ օգուտ որ ընտանիքիս տգիտությունը քենե հափշտակել կուզե զանոնք։


ԼԵՎՈՆ

Ի՞նչ ընտանիքդ հավանություն չե՞ն տար, որ սիրես զիս։