Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆԻԿՈ

Մարդ չտվավ, ես գտա: Խոհանոցին մեջ աղտոտ ամանները մաքրելու զբաղած էի, մեյ մ՛ալ ի՜նչ տեսնեմ, չոր, սև, դողդոջուն թոռմած ձեռք մը պատուհանեն վար կերկննար, երկու մատներուն մեջ թուղթ մը բռնած. իսկույն պահվըտեցա, որպեսզի չտեսնեմ, վարագուրին ծակեն կը նայեյի... ո՜հ, ի՞նչպես սիրտս կը զարնե... և ահա նամակը ինկավ, բայց անանկ գաղտնի տեղ մը, որ եթե հոն չըլլայի, անհնարին էր մեկու մը զայն տեսներ ձեռքն սկսավ կամաց կամաց վեր համբառնալ, վերջեն անհայտ եղավ։ Գացի թուղթ առի, խորհեցա որ նամակ մը ըլլալու է, թերևս մեջը գաղտնի գործ մը դրված ըլլա. և ինչպես որ կարդալ չեմ գիտեր, մակաբերեցի թե ասիկա քեզի համար կրնա ըլլալ, առի բերի։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Շատ աղեկ։ (Նիկո կերթա) Ուսկի՞ց կրնա ըլլալ այս նամակը։ (Հասցեն կարդալով) Առ օրիորդ Երանյակ Թափառնիկոսյանց: Ա՞ս ինչ պիտի ըլլա. (Կը բանա նամակը, կսկսի կարդալ).


«Այս օրվան դեպքը զիս բոլորովին վհատեցուց, այնպես որ ասկէ վերջը ձեր տանը մեջ ոտք չեմ կրնար կոխել... պատմությունը երկար Է, առանձին գտնված ժամանակնիս կը պատմեմ քեզի... հորդ ատամնաբուժությունը».


Իմ ատամնաբուժությո՜ւնս. (Կը շարունակե):


«Ուրիշ տեղ մը որոշենք տեսնվելու համար, քեզի համար հալ ու մաշ կ’ըլլամ, շատ կը սիրեմ զքեղ, լեզվովս չեմ կրնար բացատրել»...


Շատ կը սիրե եղեր, շարունակենք։


«Ուր մնաց թե գրչով: Նամակիս պատասխանը գրելու որ ըլլաս՝ տեղ մը իմացուր ինձի, որ հոն երթամ, հասցեն այսպես ըլլա.