Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քաղցր և ազդու է իր հոտը, բայց մեր ազգին մեջ մտքի հարբուխ շատ ըլլալուն պատճառով շատերը զուրկ են թե իրմե և թե հոտեն։ Ժամանակն ալ կըսե, թե ազգին հառաջադիմությունը ժամանակե կախում ունի, ինչ օգուտ որ ըսելը գործադրել չէ։ Բայց կաղաչեմ, ես ազգային գործերու վրայոք խոսելու չեկա, մասնավորապես ...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Չըսե՞ս որ հայությունը թշվառ կացության մեջ կը գտնվի այսօր...


ՄԱՐԳԱՐ

Այնպես է։ Մինչդեռ լուսավորյալ ազգերը ազգի ազգի հնարքներով զանազան մեքենաներ կը շինեն և անոնցմով կը կատարեն անասուններուն տեսնելու գործը, մենք, հայքս, անասուններու վերաբերյալ գործերն անգամ (կամչնամ ըսելու) մեր վրա կառնենք։ Մեր պանդուխտ եղբայրները ըսել կուզեմ, որ, բեռնակրության անտանելի լուծին երկնցնելով իրենց վիզը, հազիվ կրնան իրենց օրական ապրուստը ճարել, փողոցի մեջ, քարերու վրա, գիշերն ալ պանդոկներու մեջ, հեռու հայրենիքեն... զուրկ ընտանիքեն, և թերևս ոմանք ալ բոլորովին հուսաբեկ հայրենիք դառնալեն, ահ ու դողով կանցընեն իրենց ժամերը, այսպիսի գթաշարժ տեսարանի մառջև ո՞ր հայն կրնա անտարբեր հանդիսատես մնալ։ Որովհետև ազգին վիճակը իմանալ կուզես, բաց ականջներդ, լսե՛, խորհե՛ և թո՛ղ աչքերեդ արտասվաց հորդառատ վտակներ իջնան ծնոտդ ի վայր. անոնց համար կը խոսիմ, վասնզի Հայաստանի զավակունք են և հայրենիքը իր ազատության հույսը անոնց բազուկներուն վրա դրած է, այն բազուկներուն՝ որք այսօր տկարանալու վրա են և թերևս օր մը բոլորովին ոչնչանան հայրենյաց հուսո հետ:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Արդարև, իրավացի են քու խոոքերդ, պարոն Մարգար, և ինքզինքս երջանիկ կը համարիմ քեզի պես ազգասեր փեսա-