Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Եթե ստիպելու ըլլամ...


ՍՈՖԻ

Փորձե... Կ'ըսեն թե այս գիշեր շատ բազմություն պիտի ըլլա պարահանդեսի մեջ. ուր էր թե մենք ալ կարող ըլլայինք այն բազմության մասնակցիլ, հագուստներս պատրաստած եմ։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Հապա ինձի համար, ատամնաբույժի մը շատ պատիվ չբերեր. որ պարահանդեսի մեջ պարե, ցատկոտե, պետք է որ ես ալ ծպտյալ երթամ, որպեսզի ուղածիս պես կարենամ զվարճանալ։


ՍՈՖԻ

Իմ մեկ շրջազգեստս կուտամ, կը հագնիս։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ինչո՞ւ չէ։


ՍՈՖԻ

Հիմա առաջին գործերնիս պիտի ըլլա պարոն Թովմասը վարպետությամբ մը գինովցնել։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Այդ գործը ինձի թող.


ՍՈՖԻ

Ինչո՞ւ այսչափ ուշացար։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Տունը կնոջս հետ ծեծկվեցա. չէր ուզեր զիս թողուլ, ես ալ պառկեցուցի զինքը, ոտները կապեցի, տնեն դուրս ելա, կրնաք գուշակել որ ձեր սիրույն համար ըրի ասոնք... ահ, Սոֆի, շատ կը սիրեմ զքեզ, գիշերվան հագուստես ավելի կը սիրեմ, ինչ օգուտ որ դուն չես ճանչեր իմ արժեքս։