Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՐԹԱ

Վասնզի հանիրավի կը զրպարտէք։


ԹՈՎՄԱՍ

Ես, հանիրավի, աղեկ կը ճանչեմ այն Մարթան, իր երեսը համբույրներու արտ մէր, որուն վրա եթե համրելու ըլլամ, հազարի չափ սերմանած եմ։ Դուք չեք ճանչեր զանիկա. դեմքեն պարկեշտ կնիկ մը կերևի։ Իրեն հետ շատ մը սիրահարական նամակներ առած տված եմ։


ՄԱՐԹԱ, մեկուսի

Ո՞վ կրնա ըլլալ։


ՄԱՐԳԱՐ, ցած առ Մարթա

Տիկին, որո՛ւ է ըսածը.


ՄԱՐԹԱ, ցած առ Մարգար

Սուտ է, սուտ։


ԹՈՎՄԱՍ

Կիրակոս, գնա՛ նայե տիկինը մյուս սենյակն է։ (Կիրակոս կ’երթա) Չեք խոսիր, կարծեմ ըրած ամբաստանութիւններուդ համար զղջացար, իմ կինս պարսավել, ո՞վ գիտե, խեղճը միւս սենեակին մեջ կը քնանա թե արթուն է։


ՄԱՐԳԱՐ, գետնեն նամակները առնելով վրան կը կարդա

Այս նամակը հոս ի՞նչ գործ ունի։


ԹՈՎՄԱՍ

Գրպանես ինկած ըլլալու է... հասցեն կարդա տեսնենք։


ՄԱՐԳԱՐ

Չէ, պարոն, Թափառնիկոսի գրպանեն ինկած ըլլալու է։ հասցեն անոր համար է։


ՄԱՐԹԱ

Կարդա տեսնենք պարունակությունը։