Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԵՍԻԼ Բ.

ԱՆՏՈՆ, առանձին

Թեպետ և երբեմն երբեմն զիս կը բարկացնէ, բայց դարձյալ շատ գոհ եմ իրմե: Ճշմարիտը խոսելով ինքզինքս երջանիկ կը սեպեմ այսպիսի ժրաջան ծառա մը ունենալուս վրա։ Խեղճ Կոմիկ, բոլոր օր իմ ետևես կը վազե, կրակ, ջուր և այլն բերելու համար, ի վերա այսր ամենայնի այս պաշտոնը լավ կրթեց զինքը և կը հուսամ, որ քիչ ժամանակեն երևելի ծառա մը կրնա ըլլիլ: Ասկեց ի զատ տնտեսական գիտության[1] այնքան հմուտ է, որ անոթութենե մեռնելու կետն ալ հասնի, դարձյալ իր յոթն ֆռանք ամսականէն ստակ մը չվատնէր, այո՛, այո՛, պետք է որ իր գովեստը ընեմ։ Հագած հագուստները զորս քսան և հինգ տարի առաջ իմ հարսանյացս գիշերը իրեն շնորհեր էի այնպես մաքուր կը պահե, որ տասնուվեց տարվան օրիորդ մը անգամ չկրնար պահել. և եթե ողջ մնա, հարյուր տարի ալ կրնա հագնիլ։ Առանց ամէնը մեկդի թողլով, գանք իր մեկ հատկությանը, [2]զոր նվազ մարդիկ ունին, իր հավատարմությունը կուզեմ ըսել, այո՛, իր հավատարմությամբն է, որ այսքան սիրելի եղած է ինձի։ Ահա այսպիսի հատկություններով զարդարված ծառա մըն է։ Մրջյունի պես ժրաջան, ճագարի մը պես մաքուր և չունեն ավելի հավատարիմ։


ՏԵՍԻԼ Դ.

ԿՈՄԻԿ և ՆՈԻՅՆ

ԿՈՄԻԿ, վազելով

Տե՛ր, կրակ չկրցի գտնել, տան մեջ ծակ ծուկ չձգեցի, ամեն տեղ նայեցի, չկա. եթե ուզեք երթամ կրակի տեղ պաղ ջուր բերեմ, առողջարար է։


ԱՆՏՈՆ

Դու երթալով ապուշ կը լինիս, տեսած ունի՞ս, որ ջրով սիկառա վառեն։

  1. [միասին]
  2. [վրա խոսելու]