Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹՈՎՄԱՍ

Մեկեն ի մեկ արթնցա և սա պարոնին հետ ալ վիճաբանություն ըրինք:


ՍՈՖԻ

Վիճաբանությո՞ւն... և ինչո՞ւ:


ԹՈՎՄԱՍ

Երբ ըսավ, որ Թափառնիկոսը կինս կը սիրե, և թե խոսք մեկ ըրեր են զիս խաբելով պարահանդես երթալ. կին մը իրեն գործակից գտնելով իր ամուսինը մատնե. (Սոֆի, որ Թովմասին ձախ կողմը նստած է, նամակը գրպանեն կը գողնա): Կրնար գուշակել, թե ինչ աստիճան քարասիրտ կին մը ըլլալու է, որ հանդգնի այսպիսի չարագործության ձեռք զարնել:


ՍՈՖԻ. մեկուսի

Նամակը գողցա:


ԹՈՎՄԱՍ

Առջի բերան չհավատացի պարոնին ըսածներուն, իսկ երբ կնկանս նամակը տեսի, որ Թափառնիկոսին գրած էր, այն ատեն իրազգած եղա, ու հագուստս փոխելով ծեր հասակիս մեջ փողոցն ինկա, որ իրենց հետքը գտնելով արդար վրեժխնդրություն պահանջեմ, և պարոն Թափառնիկոսի կինն ալ այնքան համեստ, բարեպաշտ մեկն է. ինքն անձամբ մեր տունը եկավ, աչերեն արտասուք կը վազեին. ի՞նչ անպատվություն ընտանիքի համար, խեղճ Մարթա։


ՍՈՖԻ

Բայց արդեն Թափառնիկոսի կինը սիրվելու տեղ մը չունի, պառավ, ցնդած, ցմտռքած ծերին մեկն է։


ՄԱՐԹԱ, մեկուսի

Համբերելու է։

Բազմությունը կամաց կամաց երթալ կսկսի: