Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹՈՎՄԱՍ

Պատասխան տուր, ո՞ւր կը գտնվի հիմա իմ կինս:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ինձի՞ կը հարցնեք:


ՄԱՐԹԱ

Համբերեցեք, պարոն Թովմաս, հիմա ամենն ալ երևան պիտի գան, նախ և առաջ սա հագուստս փոխեմ (Սոֆիին մտած խուցը կը մտնե):


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, մեկուսի

Ի՞նչպես պիտի կրնանք ազատիլ:


ՄԱՐԹԱ, Սոֆին քաշկոտելով

Ահա ձեր կինը, նամակ մալ ունի ի ձեռին...


ԹՈՎՄԱՍ

Սատանորդի կին, կը խաբես զիս... ի՞նչ նամակ է անիկա, կարդա՛ մտիկ ընենք։


ՍՈՖԻ

Ներե, իմ սիրելի ամուսինս, (Կը կարդա). «Առ Պ. Հ. Թովմաս Մելքիսեցեկյան».


ԹՈՎՄԱՍ

Ինձի համար է... չըլլա որ առևտրական գաղտնիք մը ըլլա:


ՍՈՖԻ, կարդալով

«Սիրեցյալդ իմ, անցյալ օր եկեղեցվույն դրան առջին կեցած ինձի սիրո նշաններ կուղղեիր ձեռքովդ... Քովս եղող մեկ քանի կնիկեեր տեսան ու կասկածի գացին, կաղաչեմ ուրիշ անգամ զգուշանաս... Թափառնիկոսին տուն չգտնված ժամանակը...


ՄԱՐԹԱ. մեկուսի

Աս ի՜նչ է...