Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՐՇԱԿ

Ի՞նչ կը նշանակե ատ տկարությունը:


ԲԱՐԹԵՄ

Կը նշանակե թե՝ կերակուր քիչ կուտեք։


ԱՐՇԱԿ

Ի՞նչ կը նշանակե կերակուր քիչ ուտելը:


ԲԱՐԹԵՄ

Կը նշանակե թե՝ (Մեկուսի) կերակուրները ձեզի ալ չեն բավեր, ինչպես նաև մեզի (Բարձր) կը նշանակե թե ախորժակ չունիք։


ԱՐՇԱԿ

Ահ, Բարթեմ, (Թևեն բռնելով) երբ աչքերս գոցվին՝ Սոֆին կը տեսնեմ, երբ աչքերս բացվին՝ Սոֆին կը փնտռեմ, և ահա աս է տկարութեանս պատճառը. թող պարկայք) կենացս թելը կտրեն եթե երբեք չպիտի արժանանամ Սոֆիին ամուսին ըլլալու. թող անողոք ժամանակը յուր հատու մանգաղովը հնձե զիս, եթե ճակատագիրք կը խաբեն զիս, և դուք ո՜վ Ողիմպոսին) գագաթը նստող Աստվածք, (Բարթեմը կը նայի) թափեցե՛ք ձեր կայծակները իմ[1] վրա: (Բարթեմը վախնալով փախչիլ կուզե) շանթահարեցեք զիս, եթե սիրույս առարկայն ինձ չպիտի շնորհեք. այո՛, կայծակնահար ըրեք զիս։


ԲԱՐԹԵՄ

Ձգե որ փախչիմ:


ԱՐՇԱԿ

Մի՛ վախնար, Բարթեմ. ասոնք բանաստեղծական դարձվածքներ են, ո՜հ, Բարթեմ, գիտես արդեն, որ Սոֆին կը սիրեմ։


ԲԱՐԹԵՄ

Այո՛, գիտեմ։

  1. մեր=իմ