Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍՈՖԻ

Եթե այդպես է, ահա կերթամ (Սենյակեն գլխարկն և շալն առնելով), քանի մը վայրկենեն մեկը պիտի գա, ձեզի հետ այս խնդրույն վրա խոսելու և միանգամայն խոստանալու, որ ձեզ պիտի ազատե, բայց սա պայմանավ թե՝


ՀՈՎՍԵՓ

Զինքն ինձի փեսա ընեմ։


ՍՈՖԻ

[1]Այո՛ (Կերթա):


ՏԵՍԻԼ Դ.

ՀՈՎՍԵՓ, վերջը ՊԱՊԻԿ

ՀՈՎՍԵՓ

Շնորհակալ եմ քեզմե, Աստված իմ, որ ասանկ բարեսիրտ դուստր մը պարգևեր ես ինձի, դուստր մը, որ իր սիրականին միջոցավ զիս պիտի ազատե այս տագնապեն։


ՊԱՊԻԿ, դռնեն դուրս պոռալով

Պարոն Հովսեփին անունը ձեր բերանր չվայլեր, եթե դուք չեք ճանչնար զինքը, ես աղեկ կը ճանչնամ, խայտառակ։


ՀՈՎՍԵՓ

Աս ո՞վ է։


ՊԱՊԻԿ

Պարոն Հովսեփ ըսված մարդը քաղաքիս մեջ մեկ հատիկ է, աշխարհիս մեջ իր նմանը չունի և դու ո՝վ ես, որ զինքը անոր ասոր քով կը բամբասես, անզգամ, լիրբ, քսու, վատ, անամոթ:


ՀՈՎՍԵՓ

Չեմ ճանչնար ցինքը։

  1. [շատ]