Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԿՈՄԻԿ

Անիրավ. օրիորդը առանձին ըլլալ կը փափաքի և դու եկեր իր հանգստությունը կը վրդովես, կորիր... կորիր... կըսեմ:


ՄԱՐԳՐԻՏ

Ո՜հ, Ասաված...։


ԵՐՎԱՆԴ

Ո՜ւր կորսվիմ. ինչ ընեմ, ապուշ է։


ԿՈՄԻԿ

Օրիորդներու սիրտը գրավելու համար պետք է որ քիչ մը քիթդ բերանդ շտկես և ապա ներկայանաս անոնց, դու ապուշի մեկն ես, և ինչպես կուզես որ օրիորդը քեզ սիրե... ա՜հ, անիծյալ, գնա՛, գնա՛ չէ նե...։


ԵՐՎԱՆԴ

Բայց...:


ԿՈՄԻԿ

Բայց մայց չեմ հասկնար, կորի՛ր, կըսեմ քեզի. եթե չկորսվիս, կերթամ Մարգրիտի հորը ամեն բան կը պատմեմ։


ՄԱՐԳՐԻՏ, առ Երվանդ

Գնա՛, գնա՛, ապուշ է։


ԵՐՎԱՆԴ. կ՛երթա երբեմն երբեմն հետս դառնալով.


ՏԵՍԻԼ Ը.

ԿՈՄԻԿ և ՄԱՐԳՐԻՏ

ԿՈՄԻԿ, բարկությամբ

Աղեկ որ շուտով հասա, և ազատեցի զձեզ։ Նայե՛ սա անբան անասունին, որ հոս եկեր շողոքորթությամբ ձեր ազնիվ սիրտը գրավել կուզե. և մանավանդ թե ձեր հանգստությունը կը վրդովե, վասնզի, ինչպես որ ինձի ըսիք, առանձին ըլլալ կուզեիք, այնպես չէ, տիրուհիս։