Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՆՈՒՅՇ

Բնավ չեմ մոռնար, օր մը քու բարեկամներեդ մին ըսավ թե «Սիրտդ չկոտրի, Պաղաասարն աղեկ մարդ է, բայց կոշտ է, հետը խոսք չըլլար բնավ»։ Այս խոսքին վրա տուն դարձեր եմ և երկու ժամ նստեր, լացեր եմ։ Ոմանք ալ, չգիտնալով որ կինդ եմ, որովհետև չկա մեկն որ զքեզ վայլեցնե ինձի, զքեզ կը բամբասեին և անանկ ծիծաղաշարժ գործերդ կը պատմեին, որ լսելով, կամչնայի հայտնել թե կինդ եմ։ Ի՞նչ կընեի, սիրտս կը դնեի, կուլայի և քեզի բան մը չէի ըսեր, միշտ կը ջանայի սակայն, որ մարդ ըլլաս և ընկերությանց մեջ մտնես ելնես, և այս բոլոր ջանքերս րոպեի մը մեջ մոռցվեցան։ Աղեկ, աղեկ:


ՊԱՂՏԱՍԱՐ

Եվ այս ամենը կընեիր ուրիշ մը սիրելու համար:


ԱՆՈՒՅՇ

Զո՞վ սիրած ունիմ:


ՊԱՂՏԱՍԱՐ

Դուն ինձմե աղեկ գիտես:


ԱՆՈՒՅՇ

Նախանձը խանգարած է քու դատողությունդ և հաճեր ես երևակայել, որ անպատիվ տնե մը դուրս ելած ըլլամ:


ՊԱՂՏԱՍԱՐ

Աչքերովս տեսա:


ԱՆՈԻՅՇ

Այնուհետև փաստաբաններու դիմեր ես զիս արձակելու միջոցներուն վրա խորհրդակցելու, զիս աշխարհի առջև ծաղր ու ծանակ ընելու և որպես թե բռնաբարյալ պատիվդ պաշտպանելու համար։


ՊԱՂՏԱՍԱՐ

Այս ամեն միջոցներու պիտի դիմեմ, որպեսզի ժամ առաջ բաժնվինք իրարմե։