Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ՄԱՐԳՐԻՏ

Չէ, Հայր իմ, չէ:


ԱՆՏՈՆ

Հասկցա, ասոր վրա երկարորեն կը խոսինք, երթանք ճաշելու. (Կ’երթան):


ՏԵՍԻԼ ԺԲ.

ԵՐՎԱՆԴ. առանձին

Չկրցի գոնե րոպե մը իրեն հետ խոսիլ, ինչ դժբախտություն, կարծեմ թե հայրը չհավանիր, որ իր աղջիկը սիրեմ. հայր մը, որ իր աղջկանը զվարճությանը [1]կը նախանձի, աղեկ որ ես հայր չունիմ։ Մարգրիտ... ինչ անուշ անուն, կսիրեմ այս անունը, ինչ ընեմ, բայց Կոմիկը, (Կոմիկ մորը հետ կը մտնե) այն գազանը, անասունը, էշը, ավանակը...


ՏԵՍԻԼ ԺԳ.

ԿՈՄԻԿ, ԲԻՐԱԲ, ԵՐՎԱՆԴ

ԿՈՄԻԿ

Պարոն, ո՞րի համար են այն տիտղոսները։


ԵՐՎԱՆԴ

Ձեզի համար չէ:


ԲԻՐԱԲ

Ուտվելու բա՞ն է, ինչ է. փորս որչափ անոթի է։


ԿՈՄԻԿ

Պարոն, եթե կ՛ուզեր օրիորդ Մարգրիտը սիրել, պետք է որ զիս մեծարեր, որպեսզի ձեզի հանգիստ թողում։


ԵՐՎԱՆԴ, գտետնին բարևելով զԿոմիկ

Այո՛, միշտ կը մեծարեմ զձեզ։ (Մեկուսի) Օրիորդ մը սիրելու համար, ավանակ մը մեծարելու եմ։

  1. [վրա]