Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/387

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՐԱՐՎԱԾ ԵՐՐՈՐԴ

ՏԵՍԻԼ Ա.

ԿԻՊԱՐ, ՊԱՂՏԱՍԱՐ

ԿԻՊԱՐ

Չեմ կրնար ցավս և զարմանքս չհայտնել այն պաղ ընդունելության վրա, որով կընդունիք զիս քանի մը ժամանակե հետե, և անկարող մեկնելու ձեր այս պաղ վարմունքն՝ միշտ կը հարցնեմ խղճիս, թե Պաղտասար աղբարին բարեկամությանը պաղեցնելու բնություն ունեցող հանցա՞նք մը գործած եմ արդյոք և խղճես ո՛չ պատասխանը կընդունիմ...


ՊԱՂՏԱՍԱՐ

Խիղճդ քեզմե ավելի անամոթ և դուն խղճեդ ավելի լիրբ:


ԿԻՊԱՐ

Ըսե՛, կաղաչեմ, ի՞նչ պատճառներ կը հարկադրեն զքեզ անվայել լեզու գործածել մտերիմ բարեկամի մ՝որ աշխատած է միշտ ամրապնդելու քեզի հետ ունեցած բարեկամության կապերը...։


ՊԱՂՏԱՍԱՐ

Ամրապնդելո՜ւ... կապերը ամրապնդելո՜ւ... ա՜հ, անզգա՛մ, լուծելու ըսե՛ սըվոր, քակելու ըսե՛ սրվոր... դավաճան...


ԿԻՊԱՐ

Մեծապես կը սխալիք, եթե կը կարծեք տակավին, թե հեղինակն եմ կարծեցյալ հանցանքին. բնավ չեք խորհիր,