Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱՂՏԱՍԱՐ

Ոչ:


ՓԱՅԼԱԿ

Բռնի պիտի տանինք, եթե կամոքդ չգաս։


ՊԱՂՏԱՍԱՐ

Խոսիլ չեք տար որ...:


ԱՆՈԻՅՇ

Ա՜հ... տակավին խոսի՞լ կուզես, նորանոր զրպարտություններ ստեղծելու համար անշուշտ, անվանարկելու համար կին մոր յուր անբասիր վարուքն կրնա տիպար հանդիսանալ գեղեցիկ սեռին, ո՜հ... մեծապատիվ տյարք, խոսիլ մի՛ տաք այս մարդն...։


ՓԱՅԼԱԿ

Պաղտասար աղբար, պարապ տեղը մի՛ ջանար ինքզինքդ արդարացնելու. ամեն բան հայտնված է և արդարությունն ցույց տված է յուր լուսաճաճանչ դեմքը։


ՊԱՂՏԱՍԱՐ

Ինչո՜ւս պետք էր իմին թատրո՜ն...։


ԱՆՈԻՅՇ

Եթե արդարախոհ և բարեսիրտ երիտասարդ մը չխոստանար ձեռք կարկառել ինձ և գնացքս ուղղել պիտի կորսվեի այն ճամբուն մեջ, ուր առաջնորդեց ինձի նենգությամբ և խորամանկությամբ։ Այո՛, մեծ հույս ունիմ, որ այս թշվառությունս քիչ ժամանակի մեջ երջանկության փոխվի, որովհետև Կիպար խոսք տված է ինձ՝ հետս կարգվելու։ Վստահ եմ ես Կիպարի անկեղծությանն. շատ լավ գիտեմ, թե զիս միայն կը սիրե, և հետևաբար կը պնդեմ, թե տիկին Անույշի հետ բնավ սիրային հարաբերություն ունեցած չէ։


ՍՈԻՐ

Կը խնդրեմ, մի՛ հուզվիք, օրիորդ, հանձնաժողովս քաջ վերահասու եղած է արդեն Պաղտասար աղբոր բռնած ընթացքին, և որոշած է արշանն տնօրինելու: