Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ոչ, ոչ չեմ ուզեր.
Որ ամեն գիշեր,
Էրիկս դուրս երթա,
Եվ քաշե ակռա:
Այո՛, գալուս պես.
Հայտնեմ ամեն բան
Թող գիտնա թե ես
Մարդ եմ, չեմ անբան:

(Նիկոն տեսնելով) Հի՞մա կուգաս։


ՆԻԿՈ

Տիկին, ես հոս էի...


ՄԱՐԹԱ

Հո՞ս էիր, ե՞րբ եկար։


ՆԻԿՈ

Երբ տասնուվեց տարու աղվոր աղջիկ մէիր, և բոլոր եկեղեցպանները ճամբուդ վրա կսպասեին քեզ տեսնելու համար, ես այն ատենեն ի վեր հոս եմ, տիկին, ձեզի կսպասեմ։


ՄԱՐԹԱ

Սուրճս բեր։


ՆԻԿՈ

Տիկին... (Կերթա):


ՄԱՐԹԱ

Այս ամենը մեկղի թողունք։ Չե՞ր գիտեր, որ իրմե շուտ պիտի ծերանամ, այս հանցանքը ի՞մս է չէ նե բնության, որուն ինքը ֆաթո՛ւրա՞ կըսե, նաթուրա՞ կըսե. նաթուրայովը մեկտեղ գետինն անցնի։ Ամուսին մը, որ իր կնկանը ստակովը հարստացեր է, վերջեն այս ընթացքը ձեռք առնու... ի՜նչ անզգայություն... ի՜նչ բարբարոսություն...։ Փառք Աստուծո, կույր չեմ, սապատող չեմ, մարմնույս կողմե պակասություն մը չունիմ, (հայելի կը նայի) ի՞նչ ունիմ...։ Ինչո՞ւ