Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԵՍԻԼ Դ.

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, առանձին, վերջը ՄԱՐԿՈՍ

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Կորսվեցավ, գնաց թշվառականը. առավոտուն ելեր՝ կռիվ ընելու պատճառ կը փնտռե. կը տեսնես անգամ մը ըրած հարցումները, երկուշաբթի ուր էիր, երեքշաբթի ուր էիր, չորեքշաբթի ուր, ուր էիր, ուր էիր, ուր էիր... ո՞ր ծակը մտած էիր, ո՞ւր կսրսված էիր. կարծես թե դպրոցի մեջ ենք և քննություն կուտանք։ Ա՜հ... ես մեծ հանցանք մը գործեցի ստակով կնիկ առնելուս... թայց ինչ ընելու է... թե որ հարուստ աղջիկ մը առնուս, ահա ասանկ կըլլա. իրեն գերի ըլլալու է... թե որ աղքատ աղջիկ մը առնուս, ան ատեն ալ իրեն ծառա ըլլալու է՝ միշտ անոր համար աշխատելու է, որ ուտե, խմե, հագվի, սգվի... ինչևե գոնե այն ժամանակ հանգիստ ու երջանիկ կյանք մը կը վարես, ասանկ ամեն օր կռիվ չըլլար, ես այսպես կը հավատամ. յուրաքանչյուր ոք իրեն հասակին, հարստության, բնության, սիրույն համապատասխանող ընկեր մը գտնալու է, որպեսզի այս վաղանցուկ կյանքին մեջ երանելի ամուսնությամբ ապրի. Վաթսուն տարվան եղեր է և սիրվիլ կուզե... Սե՜ր, սե՜ր, ո՛ր տեղվանք կերթաս. դուն հիրավի կույր ես եղեր։ Իսկ ես ալ աղեկ պատասխանեցի իրեն, ինչ որ ուզե թող ըսե։ Սա տղեկությունը ունի որ շուտով կը հաշտվի. քեն չպահեր: (Գետինը կոտրած շիշը տեսնելով) Ա՛յ սատանորդի, շիշը կոտրեր է։ (Կառնե գետնեն կը հոտվտա ու քիթը բռնելով ասդին անդին կը վազվըռտե) Ո՜հ... քիթս... բերանս... գլուխս... ամենեն պիտանի դեղն թափեր է, անուշադրի ոգին։


ՄԱՐԿՈՍ, դռնեն մտնելով

Ասիկա ըլլալու է պարոն Թափառնիկոսը։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, չը լսելով, բարկությամբ

Ա՛հ, կանայք, կանայք, տուներու մեջ դուք եք անհանգըստությանց պատճառ: