Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նման այն խաղերուն, զորս երբեմն խաղալու չմոռնար: Աթոռի մը վրա բազմելով քարոզ խոսելու համար մեծ փափաք ուներ, իսկ երբ այդ աթոռը պատրիարքական ըլլար՝ հոգին կուտար։

Հայրը տեսնելով, որ տղան վարդապետ ըլլալու սիրով կր տոչորի, ինչպես որ նույն սիրով կը տոչորին միշտ յոթը տարու տղաներեն ոմանք, որոշեց Վենետիկի վանքը՝ ղրկել գինք. և քիչ ատենեն այս որոշումը գործադրեց առագաստավոր նավու մը հանձնելով յուր զավակն 1847-ին:

Երբ Վենետիկ հասավ Խորեն ու վանահոր ներկայացավ, վանահայրն, անոր շարժումները դիտելով, հայտնեց թե անկարելի էր զայն դպրոցի մեջ առնելը. որովհետև, ավելցուց, վանքին տրամադրած օրենքներուն հակառակ էր իգական սեռեն աշակերտ ընդունելը։ Մեծ դժվարություն կրեցին համոզելու համար վանահայրն թե աղջիկ չէր իրեն ներկայացվողը։ Երկրորդ օրը վանքին դպրոցը ղրկվեցավ Խորեն, ուր քիչ ժամանակի մեջ հսկայաքայլ հառաջ գնաց այն ամեն գիտություններու մեջ, որոնց շնորհիվ մարդս կր հաջողի սիրելի ընել զինք ռամիկներու։ Մեր պաշտոնին հավատարիմ մնալու համար պարտավոր ենք հոս հիշել, որ այն ատեն որչափ սրամիտ, նույնչափ ալ խառնակիչ էր Խորեն։ Վանահոր ականջներն ա՛լ խուլցած ըլլալով այն տրտունջներեն, զորս Խորենի դեմ կ'ընեին յուր դասընկերները, որոշվեցավ որ ի պատիժ յուր անվայել վարքին, վարդապետ ձեռնադրվի։ Այս ըլլալու էր խելոք չկեցող աշակերտներուն համար վանքին սահմանած պատիժը։

Վանքին մեջ քանի մը տարիներ վարդապետություն ընելեն ետքը, սենյակ մը քաշվելով քարոզ տալու վարժություն ընելեն ետքը — զգաց թե վանքը խիստ անձուկ ասպարեզ մ'էր համեմատորեն յուր ընդարձակ հմտություններուն, որովք օր մը փայլ պիտի առներ յուր անունն պճնասիրության աշխարհին մեջ, Փափաքեցավ անանկ ընդարձակ ասպարեզ մ'ընտրել, որուն մեջ կարող ըլլար ընդարձակորեն ծառայել աստուծո։ Այս փափաքն գոհացնելու համար երկու ոտքով ցատկեց

10