Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս պատմությունն ըստ մեզ, առասպել մ’է․ բայց որովհետև առասպելներն շատ անգամ ճշմարտության այլաբանություններն են, կրնանք այս առասպելեն ալ այս ճշմարտությունը քաղել, որ Հասունյան յուր ամեն ուզածը ձեռք բերելու կարողացած է, նույնիսկ յուր ծննդյան օրերուն մեջ։

Մինչև տասնըհինգ տարեկան Կ. Պոլսո վարժարաններուն մեջ դաստիարակություն առնելե ետքը, 1825-ին քոլեճցի քահանաներու ձեռամբ ղրկվեցավ Հռովմ, Բրոբականտայի դպրոցը, քահանա ըլլալու համար։ Նախ հիշյալ դպրոցին մեծավորներեն մերժվեցավ, բայց հետո Տուրսունյան Հ. Բարսեղ և Հովնանյան Հ. Կարապետ վարդապետներուն ջանքովն և աղաչանքովն ընդունվեցավ հոն, ուր քանի մը տարի կարդալեն ետքը քահանա ձեռնադրվեցավ։ Այս կետին մեջ Հասունյան անմեղ է և մեծ անիրավություն է Տուրսունյանի և Հովնանյանի հանցանքն անոր վրա բեռնավորելը։

1833-ին Պոլիս դարձավ և բնակեցավ Ղալաթիա, Հիսուս Փրկիչ մայր եկեղեցվույն վանատան մեջ: Այս թվականին եկեղեցականներեն ոմանք իրենց նախագահին դեմ լարված ըլլալու համար, ամեն օր նորանոր խնդիրներ կը հարուցանեին, օրինակի համար, եթե նախագահն պատվեր տար, որ պատարագին մեջը խաչակնքեն՝ ասոնք փողոցը կ’ելնեին և հոն կը խաչակնքեին։ Հիշյալ եկեղեցականներն հաջողեցան իրենց մեջ առնել նաև Հասունյանն, որ վանքեն նոր ելած՝ մաքուր աղավնի մը ըլլալով՝ խաբվեցավ անոնցմե և խեղճը միամտությամբ աթոռակալ անվանվեցավ քանի մը տարիեն:

1838-ին երբ Գաղատիո հռովմեական հայերը կը կեղեքվեին քանի մը քահանաներե, որոնք Հասունյան կուսակցությունն թև և թիկունը առած կը գործեին, ինչ որ կ’ուզեին նախագահ Մարուշ գերապայծառն քննիչ մր ղրկել կ’որոշե հոն` ժողովուրդը հանդարտեցնելու համար։ Հասունյան հոժարակամ ստանձնեց այս պաշտոնը, գնաց և ետ դարձավ երեք օրվան մեջ ժողովրդյան հուզումն... սաստկացնելեն ետքը:

108